Դատական իշխանությունն արդարադատության երաշխավորն է, և այս իշխանության նկատմամբ հասարակության կողմից հարգանքի և վստահության մթնոլորտի ապահովումը յուրաքանչյուրիս, առավել եւս՝ պետական մարմինների պարտականությունն է։
Դատավոր Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը, բնականաբար, անընդունելի է ցանացած իրավագիտակից անհատի համար:
Սակայն արդյո՞ք արդարացի է քննադատության և պատասխանատվության ենթարկել երիտասարդների այն դեպքում, երբ երկրի առաջին դեմքն է մեր հասարակության մեջ ներմուծել «պատերի տակ վնգստացող դատավորներ» որակումը:
Արդյո՞ք համաչափ է արձագանքը ոչ այնքան իրավագիտակից երիտասարդների արարքին՝
- երբ լսում ենք հեռախոսազրույցի ձայնագրություն, համաձայն որի՝ դատավորները հրահանգավորվում են,
- երբ վարչապետի կոչով շրջափակվում են դատարանները,
- երբ ոչ ցանկալի դատական ակտերի համար պետական այլ մարմինների կողմից բացահայտ հետապնդման են ենթարկվում այդ ակտերը կայացրած դատավորները,
- երբ ակնհայտ թիրախավորված կերպով քաղաքական հետապնդման է ենթարկվում Սահմանադրական դատարանը,
- և երբ այս «երբ»-երը ուղեկցվում են Սահմանադրության, միջազգային նորմերի և օրենքների խախտումներով:
Ստեղծված իրավիճակը ցավալի է, բայց կրկին սպասելի...
Այն համադրելի է Իջևանում տեղի ունեցող իրադարձություններին եւ, ինչպես նախորդ անգամ էի կանխատեսել, շարունակական է լինելու։
Եւ կրկին հնչեցնում եմ նույն հարցադրումները.
- Արդյո՞ք արդարացված են քաղաքացիների գործողությունները,
- Արդյո՞ք իշխանությունները վրդովվելու և պատասխանատվության ենթարկելու բարոյական իրավունք ունեն,
- Ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար,
- Ումի՞ց է քաղաքացին օրինակ վերցնում։
Ահա թե ինչու են անընդմեջ հնչեցվում սթափեցման կոչեր, ահա պատճառը, թե ինչու եմ անընդմեջ բարձրաձայնում հատկապես պետական մարմինների կողմից օրինականության սահմանադրական սկզբունքի խախտման անթույլատրելիության և հետագա աղետալի հետևանքների մասին:
Արդեն վաղուց ժամանակն է, որ հստակ ուրվագծվի սահմանագիծը, և իշխող քաղաքական ուժը կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է նավարկելու մեր պետությունը:
Լիահույս եմ, որ այդ ճանապարհորդությունն այլևս չի հատի իրավական պետության սահմանները։