Սաուդյան Արաբիայի Թագավորությունը հայտարարել է նոր վիզային ռեժիմի գործարկման մասին, համաձայն որի՝ այժմ զբոսաշրջիկները կարող են այցելել երկիր, հաղորդում է Reuters-ը:

Նոր վիզային ռեժիմն ուժի մեջ է մտել ուրբաթ՝ սեպտեմբերի 27-ին: Դրա շնորհիվ 49 պետությունների բնակիչներ հնարավորություն կունենան տեսնել մուսուլմանական թագավորությունը: Զբոսաշրջային վիզայի արժեքը կկազմի 80 դոլար և այն հասանելի կլինի նույնիսկ միայնակ կանանց համար:

Զբոսաշրջության ազգային հանձնաժողովի ղեկավար Ահմեդ ալ-Խաթիբը պարզաբանել է, որ օտարերկրա կին զբոսաշրջիկների համար պարտադիր չէ աբայա կրելը, սակայն նրանք պարտավոր են համեստ հագուստ կրել, այդ թվում՝ հանրային լողափերում:

Նշվում է, որ մուսուլմանական սրբավայրերի մուտքը, ինչպիսիք են Մեքքա և Մեդինա քաղաքները, սահմանափակ կլինի:

Սաուդյան Արաբիայի վիզային ցուցակի մեջ ընդգրկված երկրների ցանկը կհրապարակվի ավելի ուշ: Սակայն ալ-Խաթիբը հստակեցրել է, որ դրանց թվում, առաջին հերթին, Միացյալ Նահանգներն են, Չինաստանը, Ճապոնիան և եվրոպական որոշ երկրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել