Ինչպես և սպասվում էր, վարչապետ Փաշինյանն առիթը բաց չթողեց ևս մեկ անգամ խոսելու 2018-ի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ չմոռանալով կրկին շեշտել, որ որևէ օտար հովանավորություն չի եղել։
Եկեք համաձայնեք, որ այսպիսի բարձր ամբիոնից ելույթ ունենալիս պետք է հաշվարկել հնչած ամեն մի մտքի արժեքն ու ազդեցությունը, դնել հստակ նպատակներ և հասնել այդ նպատակներին, շատ անգամ՝ տողատակերով... Ուստի հարցեր են առաջ գալիս՝ ո՞րն է այս հիշատակման նպատակը, ինչո՞ւ է վարչապետը նորից ու նորից կրկնում սա, ո՞ւմ համար...
Ելույթում բավականին երկար անդրադարձ կա «նախկին կոռումպացված վերնախավին», որ դիմադրում է բոլոր հնարավոր մեթոդներով։ Զարմանալի է, որ վարչապետը մեղադրում է անգամ որոշ ԶԼՄ-ների վերոնշյալ վերնախավին ծառայելու մեջ։
Եվ կրկին խորհելու հարցեր. ի՞նչ է սա, ինչո՞ւ է վարչապետը խոսում այս մասին ՄԱԿ-ի ամբիոնից, ի՞նչ գործողությունների է նախապատրաստում միջազգային հանրությանը։
Բայց հատկապես զարմացրել է վարչապետի ելույթում տեղ գտած այս միտքը. «Իշխանության գալուց անմիջապես հետո մենք նախաձեռնեցինք աննախադեպ արմատական միջոցառումների փաթեթ ժողովրդավարական ինստիտուտների ՍՏԵՂԾՄԱՆ նպատակով: Դրանց թվում են, օրինակ, բոլոր տնտեսական և քաղաքական խաղացողների համար համահավասար դաշտի և անկախ դատական, հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ուղղված ջանքերը: Կանանց իրավազորումը ևս մեկ ոլորտ է, որտեղ մենք արել ենք համարձակ քայլեր՝ տեսանելի արդյունքներ գրանցելու համար»։
Սա մեկնաբանելու համար նախ պետք է մոռանալ վերջին տասնամյակում բոլոր տեսակի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցները մեր երկրում ժողովրդավարության վերաբերյալ։
Այո՛, նախկին իշխանությունները բոլորն էլ ունեցել են բացեր, եղել են սխալներ, բայց այսպես հիմնահատակ ջնջել նախկինում եղած ամեն ինչ, կարծում եմ, առնվազն ազնիվ չէ։ Իսկ կանանց իրավազորման խնդիրը, կարծում եմ, լուծված է եղել դեռևս խորհրդային ժամանակներում։
Ինչևէ, վարչապետի՝ ԱՄՆ կատարած գերթանկարժեք այցից մեզ մնաց.
- ՄԱԿ-ի ամբիոնից արված այս ելույթը, որը փորձեցինք երեք մասով վերլուծել,- Մի արարողակարգային լուսանկար,
- Մի շրջանակային համաձայնագիր՝ Կալիֆոռնիայի նահանգի և Հայաստանի Հանրապետության միջև, որն իրավական տեսանկյունից ոչնչի չպարտադրող և ընդամենը ցանկությունների ամրագրում հանդիսացող մի փաստաթուղթ է,
- Մի քանի low importance հանդիպումներ,
- Մի քանի այցելություններ, ելույթներ, հանդիպումներ հայ համայնքի հետ, բաղձալի այցելություն «Նյու Յորք Թայմզ»։
Արձանագրեցինք, որ Լոս Անջելեսը Հայաստանի մարզ է, իսկ այնտեղ ապրող հայերը՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, և մնաց մի ծանր նստվածք, որ վարչապետը պատրաստ է անգամ Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» նրա հետ տարբերվող կարծիք ունենալու դեպքում։
Արդյո՞ք այս ամենն արժեր, որ մեր հարկատուները վճարեին 165 միլիոն դրամ միայն անձնական ինքնաթիռ վարձակալելու համար՝ չհաշված այլ ծախսերը, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։
Թե բա՝ ժողովրդավարական վերափոխումները Հայաստանում անշրջելի են...