168.am-ը գրում է.

Նախօրեին տեղի ունեցած ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամենամյա նիստում ելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը և բավականին երկար շարադրեց իր ասելիքը՝ շուրջ կես ժամ։ Սակայն, ինչպես և կանխատեսվում էր, Փաշինյանի ելույթում զգալի հատվածը բաժին էր ընկնում ՀՀ ներքաղաքական խնդիրներին ու ընդհանուր ներքաղաքական գործընթացներին, որոնք, համաձայնեք, ՄԱԿ-ում գրեթե ոչ մեկին չի հետաքրքրում։

Փաշինյանն իր ելույթում մոտ 14 րոպե հիմնականում խոսեց Հայաստանում տեղի ունեցած «ոչ բռնի, թավշյա հեղափոխության» մասին, որից հետո միջազգային ԶԼՄ-ները Հայաստանն անվանեցին «համաշխարհային ժողովրդավարության հույս», հանգամանալից անդրադարձ կատարեց իր կողմից տարվող «բարեփոխումներին», թե ինչպես է «արմատապես վերացրել համակարգային կոռուպցիան», անդրադարձավ դեկտեմբերին տեղի ունեցած «աննախադեպ ընտրություններին», որը ոչ մի քաղաքական ուժ չբողոքարկեց, խոսեց սոցիալական, տնտեսական, կրթական և այլ՝ ՄԱԿ-ի ամբիոնին ոչ համապատասխան կուլտուր-կենցաղային խնդիրներից։

Այստեղ տեղին է մի քանի դրույթով խոսել իրականության մասին. Փաշինյանը  խոսելով «ոչ բռնի, թավշյա հեղափոխության» մասին, մոռացավ խոսել ընտրովի արդարադատության, դատարանների շրջափակումների, զանգովի դատավորների ու ձերբակալված նախագահի մասին, չխոսեց, թե ինչ ատելության քարոզ են անում ինքը և իր «բոյարները» նախկին համակարգի բոլոր ներկայացուցիչների դեմ։

Նա, հավանաբար, մոռացավ խոսել նաև քաղաքական վենդետաների, «կարած» գործերի ու ընդգծված քաղաքական գործողությունների մասին, որոնք տարվում են պետական ապարատի ներսում։ Փաստենք մի կարևոր հանգամանք. Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, ով ՄԱԿ-ի բարձր ամբիոնն օգտագործում է ներհայաստանյան հիմնախնդիրներ բարձրացնելու համար, քանի որ նախկինում ոչ մի նման դեպքի ականատես չենք եղել։ Որպես կանոն՝ ՀՀ նախկին ղեկավարներն իրենց ելույթը կազմում էին աշխարհաքաղաքական կտրվածքով, թիրախավորում ՀՀ-ի համար կարևոր միջազգային զարգացումները, տարածաշրջանային անվտանգության հարցերն ու երկրի համար համաշխարհային նշանակության այլ առանցքային դրույթներ։

ՄԱԿ-ի ամբիոնից խոսել ու թիրախավորել քո քաղաքական օպոնենտներին, սա խորհրդարանական կառավարման համակարգով երկրի վարչապետի համար անթույլատրելի է, դա ուղղակի խոսում է նրա քաղաքական ապիկարության մասին։ Փաշինյանն իր տեքստում բողոքում էր, որ «երկրի ներսում կա որոշակի դիմադրություն նախկին կոռումպացված վերնախավի կողմից»։ Մնում էր միայն Փաշինյանն այս ֆոնին խոսեր նաև իր թիմի ու սատելիտների ֆեյքերի մասին, մանրամասներ, թե ում՝ ինչ հանձնարարական է տալիս, հատկապես, որ թեզերն օգտագործելով՝ հերթական ցեխը շպրտեն կամ կոնտեքստից կտրված քննադատություն կազմակերպեն։

ՄԱԿ-ի ամբոնից «մանիպուլյացիոն գրոսմայստերը» խոսում է «կեղծ լուրերի ու արհեստական օրակարգերի» մասին այն դեպքում, երբ նա իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում նման արհեստական ու ֆեյքնյուզային՝ մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու կոնկրետ տակտիկայով էր աշխատում։

Ու մի կարևոր փաստ. Փաշինյանը հավանաբար այդպես էլ չհասկացավ, որ իր կողմից արված այս քաղաքական ֆարսը, որն ինքն անվանում է «թավշյա հեղափոխություն», իրականում աշխարհի ոչ մի ղեկավարի ու միջազգային կառույցի չի հետաքրքրում, և որքան էլ նա փորձում է այդ թեզը «ծախել» Արևմուտքում, փաստացի չի ստացվում։

Իրականում այստեղ մեղավոր են նաև նրա խորհրդական «նազիր-վեզիրները», ովքեր ճիշտ չեն ուղղորդում շեֆին, որ «հեղափոխության կայֆն» արդեն անցել է, նոր փաստարկներ է պետք շրջանառել։ Իր ելույթում նա անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցին և նշեց. «Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որևէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է»։

Ըստ էության՝ Փաշինյանը ասում է այն, ինչ մոտ 10 տարի ասում էր Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ «ադրբեջանցիները փոխզիջման պատրաստ չեն», որ «միշտ ագրեսիվ հռետորաբանություն են օգտագործում», «ամեն ինչ փորձում են ձգձգել, բայց հարցի կարգավորումը բանակցություններով չեն տեսնում», և այլն։

Այսինքն՝ վերադարձել է այն կետին, ինչը ասում էին նախկին իշխանությունները, և ստացվում է այնպես, որ Նիկոլ Փաշինյանն այս ժամանակահատվածում բոլորի ականջներին «լապշաներ էր կախում»՝ ասելով, թե «ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն կա», «խաղաղության ենք ապահովելու», «նոր մոտեցումներով շահեկան դիրք ենք ապահովելու» և նմանօրինակ հոդաբաշխ մտքեր, ստացվում է, որ մեկուկես տարվա մեջ, Դուշանբեից մինչ օրս, նա վերադառնում է նույն նախկին կետին։

Սակայն այս դրվագում, երբ Փաշինյանը փորձում է վերադառնալ նախկին կետին, մինչ այդ թույլ է տվել կոպտագույն սխալներ, որոնք թուլացրել են հայկական կողմի մինչփաշինյանական բանակցային դիրքերը, քանի որ նա մինչ այդ հրաժարվել էր Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի բանակցային պայմանավորվածություններից, կարգավորման սկզբունքների բացակայություն, ինքնորոշման սկզբունքի մասին ընդհանրապես մոռացություն, և այլն։ Փաշինյանը կորցրել է ամենակարևորը՝ ժամանակը, և մսխել մինչ այդ բանակցային սեղանին եղած քաղաքական կապիտալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել