Armenpress.am-ը գրում է․

Կառավարությունը որոշում ընդունեց, որով բարձրացնում է փրկարարների աշխատավարձերը: Մասնավորապես, գործադիրը փոփոխություն կատարեց «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» որոշման մեջ:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է փրկարար ծառայողների համար հավելումների վճարման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ: Նրա խոսքով, փրկարար ծառայությունում հավելումների տրամադրման դեպքեր սահմանվել են միայն ատոմակայանի տարածքում տեղակայված փրկարարական ջոկատի կողմից հատուկ ծառայության համար, այն դեպքում, երբ այլ փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում հավելումներ չեն նախատեսվում, եւ ներկայումս հատուկ պայմաններում ծառայություն կատարող փրկարարների կրտսեր խմբի ծառայողների աշխատավարձը կազմում է 85-90 հազար դրամ, ինչը չի համապատասխանում նրանց կատարած աշխատանքին: «Նրանք ոչ միայն վտանգում են իրենց կյանքը, այլև դա իրականացնում են ֆիզիկական ու հոգեկան ծանրաբեռնվածության պայմաններում: Որոշմամբ նախատեսվում է 2019-ի բյուջեում մոտ 475 մլն դրամ, իսկ 2020 թվականի բյուջեում 1,903 մլրդ դրամ ծախսերի ավելացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ ավելացնելով, որ նախատեսվում է աշխատավարձի ֆոնդի 29 տոկոսի չափով բարձրացում, հիմնական բարձրացումը լինելու է շարքային անձնակազմի համար: Ըստ նախարարի՝ կրտսեր խմբի աշխատակիցների աշխատավարձն այս փոփոխությամբ կդառնա 130 հազար դրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել