EXCLUSIVE

Մի քանի օր է՝ ամբողջ համացանցը քննարկում է հայ մոդել Արմինե Հարությունյանին, ով Միլանի նորաձևության ժամանակ մասնակցել է Gucci-ի գարուն-ամառ ցուցադրությանը: Արմինեի համար էլ սա հետաքրքիր իրարանցում է. աղջիկը չէր պատկերացնում որ իր մասնակցությունը կարող էր այսքան քննարկվել: BlogNews.am-ը զրուցել է Արմինեի հետ, ով պատմել է, թե ինչպես իրեն ընտրեցին.

«Գարնանը Բեռլինում էի՝ համերգի, քայլում էինք ընկերուհուս հետ փողոցում, և մի աղջիկ մոտեցավ ինձ: Նա փնտրում էր նոր դեմքեր նորաձևության ցուցադրությունների համար: Ինձ լուսանկարեց և կոնտակտներս վերցրեց: Որոշ ժամանակ անց գրեց, որ Gucci-ն ուզում է ինձ տեսնել իր ցուցադրությանը և ասաց, որ հաջորդ օրը մեկնեմ: Ցավոք, վիզա չունեի և մեկ օրվա մեջ մեկնել չէի կարող: Հետո նա գրեց, որ Gucci-ն, միևնույն է, ուզում է ինձ տեսնել իր ցուցադրությանը, և առաջարկեցին մեկնել Միլան՝ գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությանը»:

Արմինեն շատ արագ հավաքել է բոլոր փաստաթղթերը, ստացել վիզան և մեկնել, չնայած խոստովանում է՝ վախենում էր, գուցե չարժի մեկնել. «Ցուցադրությանը մի լուք եմ ունեցել, միայն սպիտակ զգեստը: Քասթինգն էլ շատ բարդ էր այն առումով, որ շատ գեղեցիկ աղջիկներ պարզապես չէին անցնում, ու ես շատ էի զարմացել, որ ինձ ընտրեցին: Նրանք չէին ուզում, որ քասթինգին բարձրակրունկներով լինես, իսկ դա արդեն տարօրինակ էր: Ուզում էին, որ շատ բնական լինես, քո առօրյա ձևով»:

Արմինեն մասնագիտությամբ թատրոնի և կինոյի նկարիչ է, իլյուստրատոր, գրաֆիկ դիզայներ է, աշխատում է իր մասնագիտությամբ․ «Իմ ընտանիքում բոլորը նկարիչներ են, պապիկս հայտնի նկարիչ է: Ինձ համար արվեստի մեջ գտնվելը միշտ հաճելի է, և այնտեղ գտնվելը, մասնակից լինելն ինձ համար մեծ տոն էր»:   

Ինչ վերաբերում է հոնորարին, Արմինեն նշում է, որ այն ստանալու է 2 ամիս անց, բայց հստակ չափը չգիտի։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել