Երեկ հայտնի դարձավ, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին մահացած են գտել։ Այդ լուրից հետո Hayeli.am-ը և Armlur.am-ը հոդվածով հանդես եկան։

Հրապարակման մեջ գրված էր, որ Հայկ Հարությունյանը մահվանից առաջ ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն»։

168.am-հետ զրույցում Armlur.am կայքի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը և Hayeli.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանը հաստատել են, որ հրապարակումից հետո, որպես գործով վկա, հրավիրվել են Քննչական կոմիտե հարցաքննվելու համար։

Ըստ Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի՝ լրատվականները պարտավոր չեն աղբյուր բացահայտել (տես օրենքի 5-րդ հոդված կետ 1): Նույն հոդվածի 2-րդ կետում ասված . «Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»:
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածների՝ ծանր և առանձնակի ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը և կամ նախատեսում է տասը տարուց ավելի կամ ցմահ ազատազրկում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Քննչական կոմիտեին և իրավապահ մարմիններին զերծ մնալ լրատվականներին ճնշելուց և ճնշման հիմքով աղբյուրներ բացահայտելու ցանկությունից։ Վերը նշվածից պարզ է դառնում, որ Քննչական կոմիտեն դեռ պետք է հաստատի՝ դիտավորությա՞մբ է կատարվել արարքը, թե՞ ոչ, որպեսզի կատարվածը դասակարգվի ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություն, այնուհետև նոր կարող է դիմել դատարան և պահանջել, որ, դատարանի որոշման համաձայն, լրատվականների ներկայացուցիչները ստանան վկայի կարգավիճակ և միայն դրանից հետո լրատվականների ներկայացուցիչների մասնակցությամբ, դռնփակ կամ դռնբաց (ինչպես կցանկանան լրատվականները) դատական նիստ անցկացնել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պատրաստ է իրավաբանական աջակցություն ցուցաբերել լրատվականներին և պաշտպանել լրատվականների շահերը՝ ՀՀ և միջազգային օրենքների համաձայն։ Լրատվական դաշտի նկատմամբ նմանօրինակ ճնշումը և աղբյուրների բացահայտման պահանջը կարող է հանգեցնել իրավիճակի, երբ գաղտնի, բայց հանրության շահի համար կարևոր տեղեկատվություն կրող անձինք կխուսափեն տեղեկատվություն հայտնելուց։

Հ.Գ. Միջազգային փորձն ունի աղբյուրների չբացահայտման օրինակներ, որոնք օգնել են օրինականության բացահայտմանը։ Այդպիսի փայլուն օրինակ է «Վաշինգտոն Փոստ» թերթի երկու լրագրողների՝ Կարլ Բերնսթեյնի եւ Բոբ Վուդսվորդի կատարած աշխատանքը, որի ընթացքում իրենց «գաղտնի աղբյուրի» հետ աշխատանքի ընթացքում բացահայտվեց Վոթերգեյթյան սկանդալը, և ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական ներկայացրեց։ Միայն 31 տարի անց՝ 2005 թվականի մայիսի 31-ին՝ 90 տարեկան հասակում, գաղտնի աղբյուրը՝ Մարկ Ֆելթը որոշեց բացահայտել ինքն իրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել