168.am-ը գրում է.

Լոս Անջելեսում ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ Առաքելական եկեղեցու և հոգևորականության վերաբերյալ, բուռն քննարկումների տեղիք է տվել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր.

«Երբ ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, թե սա թույլ կառավարություն է. եկեք՝ քանդենք: Ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառիս բուն և փոխաբերական իմաստով: Եկեղեցին կառավարվում է իր ծխական կառույցների միջոցով և շարունակելու է այդպես լինել, և կառավարությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին կյանքին: Դա չի նշանակում, որ կառավարությունը եկեղեցու հետ չի խոսում, քննարկում, եկեղեցին ինքը պետք է ասի, թե ինչ գործերում է ակնկալում կառավարության աջակցությունը, որ Հայ Առաքելական եկեղեցին՝ ավելի ուժեղ, մեր ժողովրդի հավատքը՝ ուժեղ լինի»:

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ նշեց, որ վարչապետը «ղալաթ» է արել, որ այդ տոնով անդրադարձել է եկեղեցականներին ու եկեղեցուն։

«Սա այն եկեղեցին է, որը հայ ժողովրդին պահել ու պահպանել է, տառաճանաչ է դարձրել։ Եկեղեցին պահպանել է մեր ընտանիքները, որովհետև, ի վերջո, պետությունը հիմնվում է այդ ընտանիքների վրա, հիմա սա եկել է, որ այդ ընտանիքները պղծի։ Լոս Անջելեսում վարչապետը գարշելի նախադասություն օգտագործեց, թե բոլոր նրանք, ովքեր իրենց ոտքի տակ կքանդեն, նրանց ծնկի կբերեն։ Տո ա՛յ տղա, դու քեզ ձե՞ռ ես առել, տո ծնկի բերող բալա, էդպես բռնեցիր ու ծնկի բերեցիր, հա՞։ Քո ոտքի տակն էն գլխից քանդված է, դու էլ գիտես՝ ինչի մասին եմ խոսում»,- նշեց Գ. Եղիազարյանը։

Նրա համար անհասկանալի է, թե հոգևոր հայրերն ինչ պետք է անեն, որ վարչապետի ոտքի տակը քանդեն, քանի որ վարչապետը հատուկ «կուրս» է վերցրել Էջմիածնին հարվածելու համար։

Նա վստահ է՝ վարչապետն իր ներքին վախերից ելնելով է նման բաներ խոսում։

«Քո ձեռքերը հեռու պահի մեր Սուրբ Էջմիածնից, այն, ինչ ասում եմ, այնտեղ մի շեկ աղվես էլ կա, նա էլ թող ականջին օղ անի։ Հերթով կասեմ, հենց մի ծպտուն հանի, կգաք կասեմ՝ ով է շեկ աղվեսը։ Ոչինչ չի ստացվի, երկու հոգու որոշումները կյանքի չեն կոչվելու, այդ հարցում նրանց չի օգնի նաև ռազմական թևը»,- եզրափակեց Գ. Եղիազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել