AntiFake.am-ը գրում է.
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի վայոցձորցիներ, քաղաքացիներ, բարեկամներ,
Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․
Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։
Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։
Ինձ համար մեծագույն պատիվ էր հեղափոխական թիմի կազմում պաշտոնավարել իմ հայրենի Վայոց ձորի նման յուրօրինակ մարզում, ամեն օր շփվել ու աշխատել հպարտ, աշխատասեր, կյանքի նկատմամբ սիրով ու ապագայի հանդեպ հավատով լցված վայոցձորցիների հետ։
Այս պատասխանատու շրջանում ինձ ընձեռված վստահության համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և իմ քաղաքական թիմին։
Հայաստանի Հանրապետությանը և Վայոց ձորի մարզին իրենց պատրաստակամ և քրտնաջան ծառայության համար շնորհակալություն եմ հայտնում Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակիցներին։ Այս կարճ ժամանակահատվածում մենք միասին կարողացանք Վայոց Ձորի համար իրականացնել համայնքային ու մարզային նշանակության կարևոր ու կենսունակ ծրագրեր։ Ես վստահ եմ, որ Վայոց Ձորում աշխատանքները շարունակվելու են ու վայոցձորցիների կյանքն օրեցօր բարելավվելու է։
Ծառայել և ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։
Աղոթում եմ Արա Մխիթարյանի ապաքինման համար»:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի անվան հետ է կապվում Եղեգնաձորում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքը: Այս գործով արդեն իսկ կալանավորվել է մարզպետի օգնականը: