ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետը և նրա տիկինը մասնակցել են գալա ընդունելությանը, որին ներկա է գտնվել համայնքի շուրջ 700 ներկայացուցիչ։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերի կատարումից և հայ համայնքի հոգևոր առաջնորդների մաղթանքից հետո իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սփյուռքի հայրենակիցներին, ովքեր երկար տարիներ պահպանել են իրենց հայկական ինքնությունը և այդ ինքնությունը փոխանցել և փոխանցում են իրենց զավակներին։ «Ես ուզում եմ ասել, որ ամեն անգամ հպարտություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես ապրիլի 24-ին Կալիֆորնիայի հայությունը, ամբողջ աշխարհի հայությունը միասնական ոտքի է կանգնում և հզոր քայլարշավով ամբողջ աշխարհին ազդարարում, որ մենք չենք հրաժարվել մեր ինքնությունից և մենք չենք հրաժարվի մեր ինքնությունից։ Մենք այսօր մեր պատմության կրողն ենք, և մենք հարստացած մեր պատմության բերած մեծ դասերից, դաժան դասերից, փառահեղ դասերից ունենք հնարավորություն՝ փոխելու մեր ժողովրդի պատմական ճակատագիրը և մեր ժողովրդին դուրս բերելու պատմական այն ցիկլից, որը, ցավոք, պարբերաբար վերապրել ենք»,-ասել է վարչապետը։

Նա նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային գործոնն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի զգացել և զգում է իր անհատական ուժը։ «Եկել է ժամանակն ուրեմն, որ մենք անենք նաև հաջորդ քայլը, որ մենք՝ որպես ժողովուրդ, զգանք և կարողանանք կիրառել մեր հավաքականության ուժը։ Սա է այն գործոնը, որը պիտի իսկապես պատմական հեղափոխություն իրականացնի մեր ճակատագրի մեջ, և անհատի ինքնագնահատականի փոփոխության տրամաբանական շարունակությունը դա է, երբ անհատը, քաղաքացին զգաց իր ուժը»,- հավելեց Փաշինյանը։:

Փաշինյանն ընդգծեց, որ հարկավոր է ձևակերպել մեկ միասնական նպատակ և աշխատել հանուն այդ մեկ միասնական նպատակի, որն, ըստ իրեն, Հայաստանի Հանրապետություն է, Արցախի Հանրապետություն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պատվին տրված գալա-ընդունելության ժամանակ ներկայացվել է «Velvet Revolution» ֆիլմի թրեյլերը, որը պատրաստվել է Մկքենզի ընկերության կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել