Ինդոնեզիան պատրաստ է ընդունելու նոր օրենք, որով կքրեականացվեն արտաամուսնական սեռական հարաբերությունը, աբորտն ու նախագահի արժանապատվության վիրավորումը: Մարդու իրավունքների պաշտպանության խումբը նախագիծը քննադատության է ենթարկել, քանի որ կարծում է, որ այն ոտնձգում է մարդու հիմնական ազատությունների դեմ:

Նոր քրեական օրենսգիրքը կվերանայի այն սուբյեկտների համար նախատեսված պատասխանատվությունը, որոնք գտնվում են արտաամուսնական սեռական կապի մեջ: Պատիժը կհասնի մինչև մեկ տարի ազատազրկման:

Իրավապաշտպան կազմակերպությունները Ինդոնեզիայի խորհրդարանին առաջարկել են վերանայել փոփոխությունները, որոնք, ըստ իրենց, կխախտեն կանանց, կրոնական փոքրամասնությունները և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները, ինչպես նաև խոսքի ազատությունը:

Նախորդ շաբաթ Ինդոնեզիայի խորհրդարանն ու կառավարությունը հավանություն են տվել 628 հոդվածից բաղկացած օրինագծի ընդունմանը: Սպասվում է, որ Ներկայացուցիչների պալատը այն կուսումնասիրի ամսվա վերջում:

Ինդոնեզիայում ապրում է շուրջ 260 միլիոն մարդ, այդ թվում՝ քրիստոնեական, հինդուիստական և բուդդայական կրոնական փոքրամասնություններ: Սակայն օրենսդրական փոփոխությունները կհարվածեն ոչ միայն նրանց, այլև օտարերկրացիներին, որոնք պետության տարածքում կգտնվեն ժամանակավորապես:

Օրինագծի հեղինակները հայտնել են, որ նոր քրեական օրենսգիրքը, որը կփոխարինի հոլանդական գաղութային դարաշրջանի օրենքներին, հանդիսանում է Ինդոնեզիայի կրոնականության և անկախության արտահայտումը:

Նասիր Ջամիլը՝ «Ծաղկող արդարություն» կուսակցության անդամներից մեկը, այս առիթով այսպես է արտահայտվել.

«Պետությունը պետք է պաշտպանի իր քաղաքացիներին այնպիսի վարքագծից, որը հակասում է Աստծո բարձրագույն պատվիրաններին»:

Նա ավելացրել է, որ կրոնական բոլոր խմբերի առաջնորդների հետ փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություններ են անցկացվել, սակայն հարկ է հաշվի առնել, որ Ինդոնեզիայում հիմնական գաղափարախոսությունը հիմնված է Աստծու նկատմամբ հավատքի վրա:

Համաձայն առաջարկվող օրինագծի՝ պաշտոնական ամուսնության մեջ չգտնվող զույգերը, որոնք ապրում են «միասին՝ որպես կին և ամուսին», կարող են ազատազրկման ենթարկվել կամ տուգանքի՝ 10 միլիոն ռուփիի չափով: 10 միլիոն ռուփին հավասար է 710 ԱՄՆ դոլարի, ինչը շատ ինդոնեզացիների համար երեք ամսվա աշխատավարձ է կազմում:

«Սա ծայրահեղ պահպանողականության դրսևորում է և դեպի հետընթաց է տանում», - ասել է Թիմ Լինդսին՝ Մելբուրնի համալսարանի ինդոնեզական իրավունքի, իսլամի և հսարակության կենտրոնի տնօրենը:

Ինդոնեզիայում միասեռական ամուսնությունները չեն ընդունվում, հետևաբար օրենքը բացասական հետևանքներ է ունենալու նաև միասեռականների համար:

Կանանց համար, որոնք աբորտ են կատարել, առավելագույն պատիշը նախատեսվում է սահմանել 4 տարի՝ այն դեպքում, եթե դա չի եղել անխուսափելի բժշկական միջամտության կամ բռնաբարության արդյունքում: Նախատեսվում է նաև տուգանքներ սահմանել նրանց համար, ովքեր կքարոզեն հակաբեղմնավորիչների կիրառումը:

Ինդոնեզիայի Human Rights Watch կազմակերպության ավագ հետազոտող Անդրեաս Հարսոնոն գտնում է, որ այս քայլը կարող է վտանգի տակ դնել շատ կանանց կյանքը.

«Հակաբեղմնավորիչների վերաբերյալ օրինագիծը կարող է զգալիորեն հետ մղել Ինդենեզիային՝ մայրական մահացության մակարդակը նվազեցնելու գործում, որը հաջողությամբ էր պսակվում վերջին տարիներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել