Լուսանկարիչ Մեհմեդ Գենսը, ով որպես լուսանկարիչ հանդես է գալիս «Ռոտասիշ Սեյահ» մականվամբ, հետաքրքիր ֆոտոշարքերի երկրպագու է։ Նրա վերջին ֆոտոշարքը, սակայն, ոչ միայն հետաքրքիր, այլ նաև հուզիչ ու ուսուցողական է ստացվել ու անտարբեր չի թողել հազարավոր մարդկանց։ 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մեհմեդն իր ճանապարհորդությունների ընթացքում որոշեց լուսանկարել պատահական կանանց։ Նա ցանկանում էր ստեղծել լուսանկարներ, որոնցում կանայք անկեղծ կժպտան ու ցույց կտան, թե նրանք ինչքան գեղեցիկ ու հմայիչ են, երբ երջանիկ են, սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր։ 

Երբ Մեհմեդը մոտենում էր որևէ պատահական կնոջ ու խնդրում ժպտալ, նրանցից շատերն ուղղակի տարօրինակ հայացք էին նետում Մեհմեդի վրա, իսկ ոմանք էլ վախենում էին լուսանկարչական ապարատից։ Այն քչերը, որ համաձայնվում էին ժպտալ ու լուսանկարվել, այնքան կեղծ էին ժպտում, որ արհեստականորեն երևում էր, որ ժպիտն ուղղակի խնդրանքի արդյունք է։ 

Սակայն մի օր Մեհմեդը պատահական մի կնոջ ասեց, թե նա ինչքան գեղեցիկ է։ Արդյունքը զարմացնող էր։ Կինը անմիջապես սկսեց ժպտալ, ու լուսանկարչական ապարատն անմիջապես ֆիքսեց գեղեցիկ այդ պահը։ Այսպես էլ հենց ծնվեց «Դու այնքա՜ն գեղեցիկ ես» ֆոտոնախագծի գաղափարը։ 

Այսպիսով՝ Մեհմեդը շրջում էր աշխարհով մեկ, գտնում ծայրամասերում ապրող իրենց իսկ գեղեցկության մասին վաղուց մոռացած կանանց ու նրանց ասում այդ կախարդական արտահայտությունը. «Դու գեղեցիկ ես»։ Արդյունքում ծնվեցին 10-յակ լուսանկարներ, որոնք նվաճեցին մարդկանց սրտերն իրենց անմիջականությամբ ու մաքուր էմոցիաներով։ 

Ֆոտոնախագիծը նպատակ ունի ցույց տալու, որ յուրաքանչյուր կին գեղեցիկ է, երբ երջանիկ է, երբ սիրված է, երբ հավատում է, որ գեղեցիկ է։ Մեհմեդը հորդորում է բոլոր տղամարդկանց ուղղակի չմոռանալ հիշեցնել իրենց շրջապատի կանանց, թե ինչքան գեղեցիկ են նրանք ու երջանկացնել նրանց այդ պարզ արտահայտությամբ։ 

Մենք առաջարկում ենք ծանոթանալ հրաշալի ֆոտոնախագծին, որը կջերմացնի բոլորիդ սրտերը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել