Armeniasputnik.am-ը գրում է․

Արամ Վարդևանյանը նշում է, որ դիմումի ներկայացուցիչ և դատավարության կողմ հանդիսացել է ինքը, և դա հանրությանը բավականաչափ հայտնի փաստ է:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագծին`շեշտելով, թե այնպես է ստացվել, որ այդ նախագծում նշված է նաև իր անունը՝ այնքանով, որ Սահմանադրական դատարանում դատավարության կողմ, տվյալ դեպքում՝ դիմողի ներկայացուցիչ՝ եղել է ինքը: Եվ այդպես է 2019 թվականի հունվարից:

«Առաջին դիմումը ՍԴ՝ ես եմ ներկայացրել: Բոլոր որոշումներն էլ հրապարակված են: Բայց, ամեն դեպքում, փորձ է արվում փոխկապակցվածություն դիտարկել ոչ թե Արամ Վարդևանյանի հետ, որովհետև բոլորին էլ հայտնի է, որ ՍԴ անդամներից որևէ մեկի հետ քավոր-սանիկական կապ չունեմ, այլ հարցն առնչվում է Արամ Օրբելյանին: Թեև ես ստորագրել եմ, բայցև ես ներկայացուցիչ չեմ: Մեկնաբանվում է այնպես, որ եթե Արամ Օրբելյանը որոշակի հայտարարություններ է արել, օրինակ, դիմումի վերաբերյալ, ուրեմն նա էլ է դատավարության կողմ, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը: Դիմումի ներկայացուցիչ և դատավարության կողմ հանդիսացել եմ ես, և դա հանրությանը բավականաչափ հայտնի փաստ է»,-նշում է Արամ Վարդևանյանը:    


Նրա փոխանցմամբ՝ իր պարագայում ներկայացվում է նաև նախկինում քաղաքական փոխկապակցվածություն Հրայր Թովմասյանի հետ: Ըստ նրա՝ հարցը պետք է քննել սահմանադրության լույսի ներքո: Արդյո՞ք Սահմանադրությունը և օրենսդրությունը թույլատրում են անձին, նախկինում նման գործունեության փորձ ունենալով հանդերձ, առաջադրվել, այնուհետև ընտրվել ՍԴ դատավոր: Վարդևանյանը համոզված է, որ թույլատրում են, և հենց սրանով էլ հարցի պատասխանը տրվում է:  

Արամ Վարդևանյանը կարծում է, որ նույն կերպ պետք է մոտենալ նաև Վահե Գրիգորյանին:

Արամ Վարդևանյանի համոզմամբ՝ Հրայր Թովմասյանի դեպքում ՍԴ մասին օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության հիմքերի տեսանկյունից, նույնիսկ նկատողության համար սահմանված ապացուցման շեմը չի հաղթահարվում, էլ չենք կարող խոսել էական կարգավարական խախտման մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել