Այսպես այլեւս չի կարող շարունակվել: Սա կարող է վերջին կաթիլը լինել Ֆորմուլա 1-ի ղեկավարության համբերության բաժակում: Դրա վառ ապացույցն այն է, որ Սիլվերսթոունից հետո Ժան Տոդն իր մոտ է կանչել Պիրելլիի ղեկավարությանը: Եվ լավ է, որ Անգլիայում տեղի ունեցածը դուրս չմնաց ուշադրությունից, քանի որ հարցը հասավ նրան, որ հիմա պիլոտների անվտանգությունն է վտանգված: Օրինակ`. պատկերացրեք, թե ինչ զգաց առաջատար Ֆետտելը, երբ թիմային ռադիոյով լսեց իր անվադողի վնասված լինելու լուրը, այնուհետեւ հրահանգ ստանալով զգույշ երթեւեկել: Նա գիտեր, թե ինչ է տեղի ունեցել մինչ այդ պելետոնը գլխավորող Հեմիլթոնի, այնուհետեւ նաեւ Մասսայի եւ Վերնի հետ: Հավատացեք, որ անգամ արքայական ավտոսպորտի ամենահամարձակներին այդ պահին կամ-ակամա այցելում է վախի զգացողությունը: Անգամ ես` որպես ականատես, ամեն անգամ դիտելով, թե ինչպես են տղաներն անցնում The Loop եւ Aintree շրջադարձերի հանգույցը, սրտատրոփ սպասում էի ու հույս փայփայում, որ ոչ ոքի ետեւի անվադողը չի պայթի: Դեռ լավ է, որ այսօրվա Ֆ1-ում անվտանգության կանոններն այսպիսի մակարդակի վրա են, պատկերացրեք` ինչ կլիներ, եթե այն պահին, երբ Aintree-ից դուրս գալուց Մասսայի անվադողը պայթեց, նրա կողքը անվտանգության գոտու փոխարեն բետոնե պատ, թեկուզ մետաղյա պատնեշ լիներ: Լավագույն դեպքում նրա շասսին վնասվեր եւ փոփոխության կարիք ստանար, իսկ այսպես, նա մեծ դժվարությամբ հասավ պիտ լեյն, իսկ մրցարշավի վերջում հայտնված անվտանգության մեքենան նրան եւ նույն ճակատագրին արժանացած Հեմիլթոնին հնարավորություն տվեց կորուստը նվազագույնի հասցնել` հասնելով մինչեւ 6-րդ եւ 4-րդ տեղեր համապատասխանաբար: Վերադառնամ Ֆետտելին: Երբ նա լսեց իր անվադողի վնասված լինելու փաստը եւ զգույշ լինելու հրահանգ ստացավ, նա հասկացավ, որ պետք է մի փոքր հեռու մնաց եզրաքարերից` անվադողերի, հետեւաբար նաեւ կախոցների տատանումները նվազագույնի հասցնելու համար, որպեսզի անվադողի հերթական պայթյունի հավանականությունը նվազագույնի հասցնի: Դե գրողը տանի խնդրում եմ ասեք, ինչպե՞ս աշխարհի 3-ակի չեմպիոնը զգույշ լիներ, եթե նա այդ պահին մրցուղում պայքարում էր հաղթանակի համար եւ փորձում կտրվել ետեւում ընթացող Նիկո Ռոսբերգից, իսկ առանց եզրաքարերին դիպչելու հնարավոր չէ շրջանի լավ արդյունք ստանալ: Ավելի տհաճ իրավիճակ պիլոտի համար գոյություն ունենալ չի կարող (գուցե սրանից վատ իրավիճակը արգելակների խափանված լինելը եւ նրանց չվստահելն է): Բնական է, որ գիտակցելով ետեւից մոտեցող եւ նման խնդիրներ չունեցող մրցակցի վտանգը, միաժամանակ հասկանալով, որ ինքը կարող է լինել անկայուն անվադողերի հաջորդ զոհը, շաաաաատ դժվար է համատեղել այս ամենը: Բայց վերեւում ես պատահական չնշեցի Ֆետտելի 3-ակի չեմպիոն հանդիսանալու փաստը: Նա ապացուցեց իր մեծագույն լինելը եւ եթե չլիներ փոխանցումատուփի խափանումը, այդ երեկո նա կարող էր առաջնությունում իր հարցերի 50%-ը լուծեր: Անձամբ ես չեմ կասկածում, որ Սեբն ի վերջո կկարողանար վերահսկել անցադողերից եկող խնդիրը, քանի որ լավ եմ հիշում Մոնակո 2011-ը!!!

Այդուհանդերձ, Պիրելլիին իր գերարագ մաշվող անվադողերի համար այսպես քարկոծելն էլ ամբողջությամբ ճիշտ չեմ համարում: Քչերն են հասկանում, որ այս ընկերությունից առաջնություն գալուց առաջ հենց դա են պահանջել!!!: Պետք է արժանին մատուցել իտալական ընկերությանը, որը, վնասելով իր իսկ իմիջին, այսօրվա մրցարշավերն այսքան հետաքրքիր է դարձրել: Հավատացեք, որ ամբողջ տարի աշխարհի լավագույն պիլոտներից, աերոդինամիկներից եւ մասնագետներից քննադատական խոսքեր լսելը սեփական անվադողերի մասին շատ վատ կարող է անդրադառնալ ողջ աշխարհում Պիրելլիի անցադողերի վաճառքի ծավալների վրա, որքան էլ Հեմբրին ամեն անգամ շեշտում է, որ Ֆ1-ի այսպիսի անվադողերը շոուի համար են ստեղծված, իսկ իրենց ընկերության «քաղաքային» անվադողերը լավագույններից են աշխարհում: Սակայն… Լավ գնահատելով Պիրելլիի տվածը Ֆ1-ին` պետք է փաստենք, սա արդեն շատ է!: Հասկացանք, մաշվող անվադողեր… Բայց ոչ այս աստիճանի: Կարծում եմ, որ ինչպես ասել է Կրիստիան Հորները, տրամաբանական կլիներ նախորդ տարվա անվադողերին վերադառնալը: Գուցե այդ ժամանակ թե՛ գառները ողջ մնան, թե՛ գայլերը` կուշտ: Շատ ափսոսալի կլինի, եթե Պիրելլիի հետ այդպես էլ չստորագրվի մյուս տարվա մատակարարի պայմանագիրը: Հիշում եմ, որ մոտ 10-15 տարի առաջ դիտելով մրցարշավները, ես անգամ պատկերացնել չէի կարող, որ միջակ թիմերից մեկը կարողանա ձեռնող նետել գրանդներին: Համեմատած այսօրվա հետ` այն ժամանակ ամեն ինչ պարզ էր, լավագույն շասսին, լավագույն պիլոտով, միշտ պայքարում էր հաղթանակի համար, իսկ ետնապահները միայն առաջատարների խնդիրների շնորհիվ էին կարողանում ինչ-ինչ հրաշքի հույս ունենալ: Ակամայից հիշեցի մինչ գծավոր անվադողերը Ֆորմուլա 1-ի վերջին` 1997 մրցաշրջանի Հունգարիայի գրան պրին: Այդ օրը Բուդապեշտի կիզիչ արեւի տակ գործող չեմպիոնը` Դեյմոն Հիլլը, ոչ չեմպիոնական` Էրրոուզով, իր դիմացկուն Բրիջսթոունի շնորհիվ քիչ էր մնում հաղթեր, սակայն խափանված փոխանցումատուփը եւ 3-րդ փոխանցումով ընթանալը թույլ տվեցին իր նախկին թիմակից Ժակ Վիլնյովին վերջին շրջանին մեծ ռիսկի գնալով խլել հաղթանակը: Մինչ սլիկների վերադառնալը քչերն էին ուշադրություն դարձնում անվադողերի վրա, իսկ հիմա, հատկապես Պիրելլի գալով, բացի աերոդինամիկայից, պիլոտից, DRS եւ KERS համակարգերից, մենք ունենք եւս մեկ, ոչ պակաս կարեւոր, իսկ այսօր թերեւս գլխավոր գործոն` Պիրելլին: Սակայն կրկնվեմ եւս մեկ անգամ, շոուն` շոու, բայց ոչ մարդկանց կյանքի հաշվին, սրան պետք է վերջ դնել, որքան շուտ, այնքան լավ, քանի որ 2 մրցարշավ անց Բելգիայի գրան պրին է: Անգամ սարսափում եմ պատկերացնել, թե ինչ կլինի Օ Ռուժում...


Դե իսկ ինչ վերաբերում է մրցարշավին, ապա դրա ֆինիշից հետո մտքովս Ռոն Դենիսի խոսքերն անցան` «Հաղթելու համար նախ եւ առաջ պետք է կարողանալ գոնե ֆինիշ հասնել»: Այդ խոսքերը նա ասաց 2008 թվականի Հունգարիայի գրան պրիից հետո, երբ Հեյկկի Կովալայնենը, օգտվելով Մասսայի եւ Հեմիլթոնի խնդիրներից, տարավ կարիերայում առաջին, գուցե նաեւ վերջին հաղթանակը: Հիշում եմ, թե ինչպես մեկնաբանելով այդ մրցարշավը աչքերիս չհավատացի` տեսնելով, թե ինչպես եզրագծի հատումից 3 շրջան առաջ այդ ժամանակ գերհուսալի Ֆեռռարիի շարժիչը պայթեց, անգամ լեզուս կապ ընկավ :) ))) Նիկո Ռոբերգը այս երեկո եւս ուժեղագույնը չէր: Թե՛ որակավորման էտապում նրան գրեթե կես վայրկյան բերած թիմակից Հեմիլթոնը եւ թե՛ Ֆետտելը մի փոքր արագ էին, սակայն հուսալի պիլոտաժն օգնեց գերմանոֆինին մրցաշրջանում 2-րդ հաղթանակը տանել, 2-րդ լեգենար մրցուղում: Առջեւում դեռ վերը նշված Սպան, ինչպես նաեւ Մոնցան կան, այնպես որ Նիկոն գուցե եւ հավակնի «Մեծ քառյակը» նվաճելուն: Լոտուսն իր ինժեներ Մարկ Սլեյդի պատճառով տուժեց: Անգամ բողոքելու չհակված Կիմի Ռայկկոնենը թիմային ռադիոյով վրդովվեց, որ 2-րդ Safety Car-ի ժամանակ նրան չկանչեցին փիթ սթոփի: Զարմանալի չէ, Հեյկկի Կովալայնեն, Վիտալիյ Պետրով, Միխաել Շումախեր... Կիմին Սլեյդից տուժած առաջինը չէ, որքան էլ նա միակ պիլոտն է, որ այս տարիների ընթացքում լեզու է գտել Սլեյդի հետ: Իսկ ահա մեր Ուեբբերը: Այո՛, հենց մեր... Հիանալ կարելի է նրանով: Այդ ուիկ-ենդին մենք տխուր լուր ստացանք: Մրցաշրջանի վերջում մեր սպորտը կլքի եւս մեկ հիանալի սպորտսմեն, ջենտլմեն եւ ուղղակի Տղամարդ: Նախորդ տարի ես ասում էի, որ Մարկը սխալ թույլ տվեց` չընդունելով Ֆեռռարիի առաջարկը, քանի որ Ռեդ Բուլլում նրա «ատամները վաղուց հաշվել են» եւ ուղղակի թույլ չեն տա տիտղոս նվաճել, իսկ Սկուդերիայում նա գոնե կիմանար, որ կարիերան ավարտում է ավտոսպորտի պատմության ամենահայտնի եւ լեգենդար թիմում: Հիմա ես համոզվեցի, որ ճիշտ էի, ավելի ճիշտ ոչ հիմա, այլ մարտի 24-ին Սեպանգում!!! Այս մրցաշրջանում մինչեւ վերջին` Բրազիլիայի գրան պրին, ես ամբողջ հոգով ու սրտով երկրպագելու եմ Մարկ Ուեբբերին, ով, համոզված եմ, որ անգամ մնալու դեպքում իր արագությունը չէր կորցնի: Եթե կասկածում եք, ապա եւս մեկ անգամ դիտեք Ֆորմուլա 1-ի 2013 թվականի Մեծ Բրիտանիայի գրան պրին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել