Կանայք սկսել են դիմել բժշկի՝ դեմքի չար արտահայտություններից իրենց ազատելու խնդրանքով: Այս մասին գրում է Mirror-ը:
Ըստ Նյու Յորքի Shafer Plastic Surgery & Laser Center-ի պլաստիկ վիրաբույժ, դոկտոր Դևիդ Շաֆերի՝ իրեն անընդհատ այցելում են կանայք, որոնց դուր չի գալիս իրենց դեմքը լուսանկարներում: Երբ նրանք գտնվում են հանգիստ վիճակում կամ չեն փորձում պատկերել հատուկ հույզեր, նրանց դեմքն ակամա արտահայտում է գրգռվածություն, չարություն: Դեմքի այդ արտահայտությունը ստացել է Resting bitch face (հանգստացող թափթփուկի դեմք) անվանումը։
«Նրանք միշտ չէ, որ օգտագործում են այս տերմինը, բայց երբ ես նշում եմ այդ արտահայտությունը, նրանք ասում են՝ ճիշտ եք»,- ասում է Շաֆերը: Նա հավելել է, որ շաբաթը մի քանի անգամ տարբեր մարդկանց օգնում է ձեռք բերել բարեհամբույր, հանգիստ դեմք:
Չար արտահայտությունը վերացնելու համար բժիշկը լցոնիչներն ու բոտոքսը ներարկում է դեմքի որոշ հատվածներ (առավել հաճախ դրանք բերանի շուրջը և հոնքերի տակ գտնվող տարածքներն են): Դա տևում է 10-ից 20 րոպե, և արժեքը տարբեր է՝ կախված կլինիկայից և ներարկումների քանակից: Էֆեկտը տևում է մինչև երկու տարի: