Սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանի մեկնաբանությամբ` ընտանիքում բոլոր հարցերը պետք է շոշափվեն և դրվեն կայուն հիմքերի վրա, այդ թվում՝ նաև սեռական պահանջը, քանի որ դա մարդու բնական պահանջ է:
Մարատ Զաքարյանն այսօր լրագրողնրի հետ հանդիպմանն ասաց, որ ընտանիքում սեռական աններդաշնակությունները դասակարգվում են երեք խմբի։ Առաջինը սոցիալ-հոգեբանականն է, երբ ընտանեկան, ֆինանսական, սոցիալական պայմաններից ելնելով` զույգերի մեջ կոնֆլիկտներ են առաջանում. «Երկրորդ և ամենակարևոր պատճառը սեռավարքային աններդաշնակությունն է, այսինքն անկողնում ամուսինների վարքը: Եթե նրանք չեն համապատասխանում իրար, այդ ամուսինների միջև կարող է առաջանալ աններդաշնակություն, որը բերում է սեռական ցանկության իջեցում, խուսափում են իրարից»:
Բանախոսն ասաց, որ սեռական աններդաշնակություն կարող է առաջանալ նաև, եթե զույգերն իրենց սեռական հարաբերությունները համեմատում են մեկ այլ զույգի հետ: Յուրաքանչյուր զույգ ունի իր խառնվածքը, և չարժե համեմատություններ անցկացնել. «Սեռական աններդաշնակության մեկ այլ պատճառ է կնոջ կամ տղամարդու սեռական խանգարումները: Նման դեպքերում պետք է անպայման բուժվել»:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչպիսին է վիճակագրությունը, սեքսապաթոլոգն ասաց, որ աններդաշնակությունների պատճառով բաժանումների 60-70 տոկոսը բաժին է ընկնում մինչև երկու տարի ամուսնացած զույգերին, դրանից հետո պիկը գրանցվում է 15-20 տարի ամուսնական կյանքից հետո, երրորդ պիկը` վաթսուն տարեկանից հետո:



