Դահոմեյան ամազոնուհիները համաշխարհային պատմության մեջ յուրօրինակ երևույթներ էին, քանի որ նրանք կանանց միակ փաստաթղթավորված ռազմական ստորաբաժանումն էին: Կին-«տերմինատորների» այդ խումբը, որն ապրում է Սահարայից հարավ և սարսափի է մատնել եվրոպական գաղութարարներին, օտարերկրացիների կողմից անվանվել է դահոմեյան ամազոնուհիների խումբ:
Դահոմեյան ամազոնուհիները Դահոմեայի թագավորությունում (ներկայիս Բենինի Հանրապետություն) համարվում էին էլիտար զորքեր: Նրանք պաշտպանում էին իրենց թագավորին ամենաարյունալի պատերազմների ժամանակ և անպարտելի էին: Իսկ նրանց գործունեության առանձնահատկությունն այն էր, որ նրանք գլխատում էին իրենց զոհերին:
Ամազոնուհիներն ամենևին էլ առասպելական կերպարներ չեն: Վերջին դահոմեյան ամազոնուհին մահացել է ոչ շատ վաղ՝ 1979 թ., 100 տարեկան հասակում: Նա Նավի անունով մի կին էր, ում ուսումնասիրողները գտել էին մեկուսացված գյուղում ապրելիս: Իսկ XIX դարում ամազոնուհիների ջոկատում ծառայում էր 6,000 կին զինվոր:
Նրանց պատմությունը սկսվել է դեռևս XVII դարում: Գիտնականները կարծում են, որ ի սկզբանե ամազոնուհիների ջոկատը կազմվել է փղեր որսալու համար, սակայն կանայք կարողացել են այնպես տպավորել Դահոմեայի թագավորին իրենց ունակություններով, որ վերջինս ցանկացել է կանանց տեսնել իր թիկնապահների դերում: Մեկ այլ տեսության համաձայն՝ քանի որ կանայք միակ մարդիկ էին, ում թույլատրվում էր մութն ընկնելուց հետո թագավորի պալատ այցելել, զարմանալի չէ, որ հենց նրանք են դարձել թագավորի թիկնապահները:
Ամազոնուհիների N’Nonmiton կոչվող խմբում ընդգրկվում էինի ամենաուժեղ, ամենաառողջ և ամենախիզախ կանայք: Ապա նրանք երկարատև պատրաստվածություն էին անցնում, որի ժամանակ վերածվում էին սպանության համար նախատեսված «իրական ռազմական մեքենաների», որոնցից երկու հարյուրամյակ շարունակ վախենում էին ողջ Աֆրիկայում: N’Nonmiton-ում ընդունում էին 8 տարին լրացած աղջիկներին: Որոշ կանայք կամավոր էին զինվոր դառնում, իսկ մի մասին էլ առաջադրում էին նրանց ամուսինները, որոնք բողոքում էին իրենց անզուսպ ու չվերահսկվող կանանցից:
Հենց սկզբից ամազոնուոհիներին սովորեցնում էին լինել ուժեղ, արագ, անխիղճ և ցավին դիմացկուն: Կոփող վարժությունները, որոնք հիշեցնում էին մարմնամարզության տարբեր տեսակներ, ներառում էին փշոտ պատերի վրայով թռիչքներ, չզինված այցեր ջունգլիներ, որոնք տևում էին 10 օր:
Այս կանանց չէր թույլատրվում ամուսնանալ կամ ծառայության ժամանակահատվածում երեխա ունենալ: Բացի դրանից՝ համարվում էր, որ նրանք պաշտոնական ամուսնության մեջ են թագավորի հետ, սակայն անգամ թագավորն իրավունք չուներ նրանց տիրանալու: Իսկ եթե ամազոնուհիներին դիպչեր յուրաքանչյուր այլ տղամարդ, այլ ոչ թագավորը, ապա նա մահապատժի կարժանանար:
1863 թ. գարնանը բրիտանացի ուսումնասիրող Ռիչարդ Բարտոնն այցելեց Արևմտյան Աֆրիկա, որպեսզի ափամերձ Դահոմեայում բրիտանական առաքելություն կատարի, ինչպես նաև հաշտություն կնքի դահոմեացիների հետ:
Դահոմեացիները կռվող ցեղ էին, որն ակտիվորեն օգտագործում էր ստրուկների: Ստրուկներ էին դառնում հիմնականում թշնամիներից վերցված գերիները: Սակայն ամենից առավել Բարտոնին զարմացրել էին էլիտար դահոմեյան կռվող կանայք. «Այդ կանանց մոտ այնքան զարգացած էին մկաններն ու կմախքը, որ միայն կրծքերով էին նրանք տարբերվում հակառակ սեռից»:
Հիմնական զենքերը հոլանդական էին, իսկ թրերը ամազոնուհիներն օգտագործում էին իրենց զոհերին գլխատելու և մասնատելու համար: Դահոմեացիների մոտ ընդունված էր տուն վերադառնալ հակառակորդների գլուխներով և սեռական օրգաններով:
Սթենլի Ալփերնը՝ ամազոնուհիների ուսումնասիրմանը նվիրված միակ անգլերեն տրակտատի հեղինակը գրել է. «Երբ ամազոնուհիները դուրս էին գալիս պալատից, նրանց դիմացով անպայման քայլում էր մի ստրուկ՝ ձեռքին զանգ: Զանգի ղողանջը հուշում էր բոլոր տղամարդկանց, որ հարկավոր է ազատել ճանապարհը, հեռու գնալ և այլ կողմ թեքել հայացքը»: