Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» ֆրազին, հայտարարեց, որ Ադրբեջանը ցանկանում է Փաշինյանի հետ ռազմի դաշտում պարզել այդ հարցը, ու ավելացրեց, որ դա սպասվում է առաջիկայում: Հիշեցնեմ, որ սա նույն Զաքիր Հասանովն է, որն աշխատում է «կիրթ» Իլհամ Ալիևի մոտ, որն էլ խիստ «արդյունավետ» հանդիպումներ էր ունենում նույն Նիկոլ Փաշինյանի հետ: Հիշեցնեմ նաև, որ սա նույն Նիկոլ Փաշինյանն է, ով Ադրբեջանի ժողովրդին խաղաղության ուղիղ կոչեր էր պլանավորում անել, օպերատիվ կապի միջոցներ էր ներդնում, որ հրադադարի խախտման դեպքերը նվազագույնի հասնեն, ու ասում, որ Արցախի խնդիրը կլուծի բոլոր կողմերի սրտով:
Վերջին մեկուկես տարում արվել են քայլեր, ասվել են խոսքեր, որոնք ստեղծել են խառնաշփոթ: Այդ խառնաշփոթում ոչ միայն վարչապետի և ՊՆ նախարարի հայտարարություններն ու գործերն են իրար պարբերաբար հակասում, այլև նույն վարչապետի տարբեր հայտարարությունները: Ու քանի որ այս իրավիճակը գնահատում եմ խիստ վտանգավոր, ցանկանում եմ, այս առիթն օգտագործելով, անդրադարձ կատարել մեր արտաքին քաղաքականությանն առհասարակ և հայ ադրբեջանական հարաբերություններին՝ ի մասնավորի:
Գաղտնիք չէ, որ իշխանափոխության սկզբնական փուլում նոր իշխանություններն արտաքին քաղաքական հարցերում փորձում էին աշխարհի հետ խոսել ըմբոստ ու հպարտ դիրքերից` դա բացատրելով հասարակական վստահության մեծ պաշար ունենալով։ Դա էլ քիչ է, իրականության զգացումն այնքան էին կորցրել, որ աշխարհի ամենաժողովրդավար երկրի համբավ ունեցող ԱՄՆ-ին ժողովրդավարության դասեր էին տալիս, «ծերուկ» Եվրոպային, որտեղ տեղի են ունեցել բոլոր կարգի ու ճաշակի հեղափոխությունները, մեզ մոտ տեղի ունեցածի իրավունքով բացատրում, թե ինչ է հեղափոխությունը, ապա ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ավտորիտար համարելու հետ մեկտեղ նրանց հակադրվում էին փաշինյանական միապետական գործելաոճով։ Անգամ փորձում էին բարձր լեգիտիմության տակ քողարկել արտաքին քաղաքական հարցերում իրենց մտքի ու գործի վայրիվերումները՝ «Արցախն անկախ երկիր է», որոշ ժամանակ անց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այնինչ դա կարող է հանգեցնել բանակցությունների ձախողման կամ շարունակելու անիմաստության։ Կարող է նաև հանգեցնել պատերազմի: Իսկ արդյոք մեր դիրքերն ավելի ամո՞ւր են հիմա, ժամանակն էլ աշխատում է մե՞ր օգտին։
Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն է ուսումնասիրում, որպեսզի ոչ միայն դավադրություն բացահայտի, եթե եղել է, այլև առաջին հերթին վեր հանի բոլոր սխալները, որպեսզի կանխարգելվի երկրորդ նման քառօրյա պատերազմը։ Բայց եթե Ադրբեջանը երեք տարի առաջ գնաց այդ արկածախնդրությանը, այսօր արդյոք միջազգային հանրությունը դատապարտելո՞ւ է նրան, և աշխարհի ո՞ր ուժի կենտրոնը կամ գերտերությունն է զսպելու Ադրբեջանի ագրեսիան։ Սա ակտուալ հարց է այն դեպքում, երբ մեր իշխանությունները գլուխ են գովում, որ նախկինների նման կռացած չեն ո՛չ ՌԴ-ի, ո՛չ ԵՄ-ի, ոչ էլ ԱՄՆ-ի առաջ։
Իսկ «կռացած չեն» արտահայտությունն ինձ թույլ կտամ թարգմանել այսպես՝ հարաբերությունները վատ են, չճշտված ու ավելի են վատանալու: Իսկ թե ինչքան վատ են հարաբերություններն, օրինակ, ՌԴ-ի հետ, որը, հիշեցնեմ, հսկում է մեր արևմտյան սահմանը, բարձրաձայնեց Ժիրայր Սեֆիլյանը՝ Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո ասելով, որ Նիկոլի՝ սիրաշահելու ու ՌԴ-ի հետ ջերմ կապեր հաստատելու բոլոր փորձերն անիմաստ են անցել: Հավանաբար, սիրաշահել ասելով՝ պարոն Սեֆիլյանն ի նկատի ուներ Սիրիա հումանիտար առաքելության անվան տակ զորախումբ ուղարկելու ավանտյուրան, որն, իհարկե Արևմուտքը դժվար թե մեզ ների, բայց դա մեկ այլ քննարկման հարց է: Փորձեմ հուշել պարոն Սեֆիլյանին․ իսկ հնարավո՞ր է, որ ջերմ կապեր հաստատել չի ստացվում, որովհետև գերտերությունները մի քիչ չեն կիսում մեր չհիմնավորված «դուխն» ու նախկինում «դուխով» գլխարկով ԵԽԽՎ-ում սխալ քվեարկող պատգամավորների հետ աշխատելու փորձ չեն ունեցել:
Աշխարհն օր-օրի փոփոխվում է, ու պրոցեսները շատ արագ են զարգանում: Ու հստակ տարվող արտաքին քաղաքականությունն այլընտրանք չունի: Մենք հստակ արտաքին քաղաքական դոկտրին միշտ ենք ունեցել: Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությունն ուղղված էր նորանկախ պետության կողմից հնարավորինս շատ միջազգային կապեր հաստատելուն, Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը միտված էր դեպի ՌԴ-ի ու միաժամանակ Արևմուտքի հետ ճիշտ հարաբերություններ պահելուն, իսկ Սերժ Սարգսյանը դիվանագիտական մաստեր կլաս կարողացավ անել ՌԴ-ԱՄՆ սրված հարաբերությունների պայմաններում՝ ԵՄ-ի հետ կնքելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր՝ լինելով ԵԱՏՄ անդամ: Աներկբա է, որ ընտրված բոլոր մարտավարություններն ու վեկտորները եղել են ժամանակի հրամայական ու ազդված են եղել աշխարհաքաղաքական շատ գործոններից:
Փաշինյանն այսօր չունի արտաքին քաղաքականության դոկտրին: Ավելին՝ միջազգային պրոցեսների այս արագության ֆոնին նա հայտարարում է, որ շարունակում է ՀՀ նախկին արտաքին կուրսը, ինչը պարզապես նոնսենս է: Ցավալի է, իհարկե, որ ԱԳՆ-ն ղեկավարող կադրային դիվանագետը, որը շատ լավ հասկանում է այս ամենը, նրան չի բացատրում, որ սա անհնարին ուղի է, ու նաև ցավալի է, որ դեռ շարունակում է աշխատել այս անգրագիտության հետ:
Պրն Փաշինյան, այսինքն՝ ես ճի՞շտ եմ հասկանում, որ այս լարված իրավիճակում մեր արտաքին քաղաքականությունը ճիշտ նախկինն է, բայց ավելի դուխով տարբերակով: Մասնավորեցնում եմ՝ սա՝ այն իրավիճակում, երբ ԱՄՆ-Իրան հարաբերություններն օր-օրի սրվում են, ու ԱՄՆ-ն ամեն օր կարող է պահանջել, որ մենք դիրքորոշում հայտնենք այդ թեմայով: ԱՄՆ-ն ամեն օր կարող է հարվածել Իրանին, ու Իրանի հյուսիսում ապրող 9 մլն էթնիկ ադրբեջանցիներն ամեն օր, որպես փախստական, կարող են հայտնվել Հայաստանում կամ ավելի վատ՝ Արցախում, ու օրինակ՝ վերաբնակեցնեն ազատագրված շրջանները, և դրանք հայտնվեն ոչ թե մեր, այլ Կարմիր խաչի հսկողության ներքո: Սա սցենար է, որը հնարավոր է և պարտադիր է քննարկման համար: Փաշինյանը դա քննարկե՞լ է ԱԳՆ-ում։ Կարծում եմ՝ ոչ: Փոխարենը հաստատ զբաղվել է մեր գործընկերներին նեղացնելով ու «տուշոնկաների» հարցերով:
Ու չնայած այս «փլավին»՝ անակնկալ ու խիստ չտրամաբանված կերպով հայտարարում ենք, որ փոխում ենք մեր ռազմական դոկտրինը, իբր հեղափոխական ժամանակների համար նախկինն այլևս հնացած է, ու նրա մեջ հարձակողական տարրեր ենք ամրագրում: Ասում ենք, որ ՀՀ զինված ուժերն ու Պաշտպանության բանակն անցնելու են գրոհող, հարձակողական մարտավարության։ Հիշեցնում եմ՝ Փաշինյան ասում է՝ պատրաստվեք խաղաղության, իսկ այդժամ Տոնոյանը փոխում է դոկտրինը, այնինչ հարձակողական մարտ վարելու համար հարձակվող կողմը քանակական և որակական առումով 2 անգամ առավելություն պետք է ունենա, իսկ լեռնային պայմաններում՝ 4 անգամ: Ու սա գիտի Տոնոյանը, բայց այդ անգրագիտությունը հայտարարում է։
Ու այս կոնտեքստում նորմալ է, որ անգամ մեր ռազմական հաջողության համար չենք ուրախանում, քանի որ չենք հասկանում, թե ինչ են անում մեր իշխանություններն, ու դա ինչի կհանգեցնի։ Երջանկացած հայտարարեցին, թե մեր զորքերը Թալիշի ուղղությամբ 140 հեկտար հող են հետ բերել։ Եթե Ալիևը կիրթ անձնավորություն է, ու մեր ժողովուրդներին պետք է պատրաստենք խաղաղության, ե՞րբ պարզեցիք ու ինչո՞ւ մեզ չասացիք, որ Ալիևն այլևս անկիրթ է, նրան էլ պետք է պատժել ու հետ մղել: Իսկ եթե հակահարված ստանայինք ու տայինք բազմաթիվ զոհեր, տարածքն էլ չկարողանայինք հետ բերել, ընդհակառակը՝ նորերը կորցնեինք, ո՞վ էր դրա համար պատասխան տալու, կամ էլ եթե դա հիմք հանդիսանա, որ մեկ այլ դեպքում էլ նման մի քայլի Ադրբեջանը գնա, եթե չասենք՝ այդ առիթն օգտագործի իր կողմից սանձազերծվելիք պատերազմն արդարացնելու համար, ո՞վ է պատասխան տալու։ Մենք այս ամենը ծանրութեթև արե՞լ ենք, թե՞ այնքան մեծ էր նախկիներին հակադրվելու գայթակղությունը, որ գնացինք նման քայլի։
Օր-օրի կորցնում ենք մեր բարենպաստ դիրքերն աշխարհում, ու ոչ մի երաշխիք չկա, որ 140 հեկտար հետ բերելուց հետո ավելի շատ չենք կորցնի, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ պատերազմը չի վերսկսվի, իսկ այս պարագայում արդեն թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում կարող է գնահատական տրվել, որ Փաշինյանի չկշռադատված քայլերն ու հայտարությունները հանգեցրին պատերազմի, իսկ թե ինչքան դժվար է կռվել ու զոհեր տալ, եթե գիտես, որ ոչ թե նենգ թշնամին է նախահարձակ եղել, այլ նա այդ քայլին գնացել է՝ արդարանալով, որ մեր երկրի ղեկավարն է դրդել դրան, կարծում եմ՝ բացատրել պետք չէ: