Հոլի Բատչերը 2018․թ-ի օգոստոսին մահացավ ագրեսիվ քաղցկեղի պատճառով։ Մեկ տարում նրա հիվանդությունը խժռեց նրա ամբողջ էներգիան։ Մահվանից առաջ Բատչերը նամակ գրեց այն մասին, թե ինչն է ամենաշատը կարոտելու, ու ինչն է, ըստ իր փորձի, կյանքում ամենաթանկը։ Նամակն այնքան հուզիչ էր, որ մինչ օրս շարունակում է մնալ արդի։ Առաջարկում ենք ծանոթանալ ապրել սովորեցնող այս նամակի բովանդակությանը, ինչից հետո կյանքի մասին ձեր բոլոր պատկերացումները կփոխվեն։ 

«Շատ դժվար է հասկանալ, որ դու 26 տարեկանում կարող ես մահանալ։ Ընդամենը 26 տարեկանում։ Մահն այն երևույթներից է, որի մասին մենք փորձում ենք չմտածել։ Օրերն անցնում են, ու մեզ թվում է, որ այդպես միշտ է լինելու, բայց մի օր տեղի է ունենում այն, ինչին մենք պատրաստ չենք, ընդհանրապես պատրաստ չենք։

Ես միշտ հավատացել եմ, որ մի օր ես կծերանամ, որ իմ մաշկը կթուլանա, մազերս կսպիտակեն, մարմնիս վրա ավելորդ ճարպեր կհայտնվեն։ Ես պատկերացնում էի, որ շատ երեխաներ կունենամ, որ նրանց համար օրորոցային կերգեմ, կհոգնեմ, կիսատ կքնեմ։ Հիմա եմ հասկանում, որ ես դա այնքան շատ էի ուզում, որ այժմ այդ մտքերն ինձ ավելի են ցավ պատճառում։ 

Կյանքն այսպիսին է՝ փխրուն, թանկ ու անկանխատեսելի... Ամեն օրը տրված նվեր է, ոչ թե ուղղակի օր։

Հիմա ես 27 տարեկան եմ։ Ես չեմ ուզում մեռնել։ Ես շատ եմ սիրում կյանքը։ Ես անասելի երջանիկ եմ իմ կյանքում ու ամեն վայրկյան ուզում եմ շնորհակալություն հայտնել մտերիմներիս այդ երջանկության համար, բայց, ցավոք, ինձնից այլևս ոչինչ կախված չէ։

Այս նամակը ես գրում եմ ոչ թե նրա համար, որ ես վախենում եմ, որովհետև երբ մենք ողջ ենք, մենք չենք էլ պատկերացնում՝ ինչպիսին է մահը, ու ինչքան մոտիկ է այն մեզ։ Մենք հաճախ անգամ չենք էլ կարողանում խոսել մահվան մասին՝ հավատալով, որ այն մեզ չի սպառնում, որ մենք միշտ ողջ ենք մնալու։ Ինձ համար էլ է դժվար մահվան մասին խոսել։

Ես կուզենայի, որ մարդիկ դադարեին այդքան մտածել իրենց խնդիրների մասին։ Մահվան ֆոնին այդ բոլոր խնդիրներն ուղղակի մանրուք են դառնում։ Ուղղակի հավատացե՛ք ինձ։ Ինձ, ձեզ, բոլորին մի օր նույն ճակատագիրն է բաժին հասնելու․ մենք վերանալու ենք։

Վերջին ամիսներին ես ավելի ու ավելի շատ եմ սկսել մտածել կյանքի ու մահվան մասին ու մի բան կասեմ. ամեն անգամ, երբ դուք դժգոհում եք ձեր խնդիրներից, հիշե՛ք, որ կան մարդիկ, ովքեր ավելի մեծ խնդիրների են առնչվում, այնպիսի խնդիրների, որոնք անլուծելի են, որոնցից հնարավոր չէ փախչել։ Հիշե՛ք իմ մասին ու շնորհակալություն հայտնեք կյանքից, որ ձեր խնդիրներն այդքան փոքր են, ու դրանք հնարավոր է հաղթահարել։ Դուք ողջ եք, ու դա արդեն երջանկություն է։

Հնարավոր է, որ այսօր դուք դժգոհում եք, որովհետև ձեր վարսավիրը լավ չի կտրել ձեր մազերը, կամ որովհետև լավ չեք քնել գիշերը, բայց հավատացե՛ք, դրանք մանրուքներ են։ Ուղղակի դադարե՛ք դրանց մասին մտածելուց։

Ես ամեն  օր նայում եմ, թե ինչպես է իմ մարմինը «հալվում» աչքերիս առաջ, ու ոչինչ չեմ կարողանում անել։ Այն, ինչ ես այս պահին ուզում եմ, իդեալական մարմինը, իդեալական սանրվածքն ու եղունգները չեն, այլ ևս մեկ ծննդյան արարողություն, ևս մեկ Նոր տարի ացնկացնելու հնարավորություն, սիրելիիս և մեր շան հետ ևս մեկ օր մենակ մնալու կարողություն։

Ես փորձում էի առողջ ապրելակերպ վարել, բայց անգամ դա է հիմա անիմաստ դարձել։ Սիրե՛ք ձեր մարմինը, անգամ եթե այն իդեալական տեսք չունի, ուղղակի նրա համար, որ նա միշտ ձեզ հետ է, որ նա ձեզ հուսախաբ չի անում։ Երես տվեք ձեր մարմնին, համեղ սնվեք, շարժվեք, բայց մի՛ կենտրոնացեք դրա վրա։

Ամուր առողջությունը միայն ֆիզիկապես չի տրվում։ Փորձե՛ք գտնել ներքին խաղաղություն, ներքին հանգստություն։ Անողոք եղեք ձեզ բաժին հասնող երջանկության պայքարի մեջ։ Շնորհակալ եղեք այն օրերի համար, որոնց ընթացքում ձեր մարմնի ոչ մի մաս չի ցավում։

Քիչ բողոքեք, մարդիկ, ու շատ օգնեք իրար։

Տվե՛ք, տվե՛ք, տվե՛ք։ Դա սրբագույն ճշմարտություն է։ Դուք ձեզ ավելի երջանիկ կզգաք, երբ օգնեք մյուսներին։ Ցավում եմ, որ ես դա հաճախ չէի անում։

Սովորեք գնահատել ուրիշների ժամանակը։ եթե անգամ դուք հաճախ եք ուշանում, սովորեք շուտ դուրս գալ տնից։ Գնահատեք այն, որ մարդը կարող է ժամանակ տրամադրել ձեզ միայն ձեզ լսելու ու հասկանալու համար։ Մի՛ ստիպեք  նրան սպասել։

Եթե ուզում եք ծախսել ձեր փողերը, ծախսե՛ք դրանք տպավորությունների վրա։ Ծախսեք ձեր ժամանակը ճանապարհորդությունների, ծովափ գնալու վրա։ Սուզվեք ջրի մեջ, խաղացեք ավազի հետ, զգացեք ձեր դեմքին ծովի ձրի համը։ Բնության մի մասը դարձեք։

Հռետորական հարց. ժամանակը, որ դուք ծախսում եք դիմահարդարման ու հարդարման վրա, իրոք արժե՞ այդքան։ Երբեք այդպիսի կանանց չեմ հասկացել։

Շուտ արթնացեք թռչունների ծլվլոցը, արևածագի առաջին շողերը վայելելու համար։ Երաժշտություն լսեք․ երաժշտությունը դեղ է, իսկ հին երգերն ավելի բուժող են։

Գրկեք ձեր տնային կենդանուն։ Ես իմ շանը ահավոր եմ կարոտելու։

Խոսեք ձեր ընկերների հետ, ոչ թե հեռախոսով, այլ հանդիպեք ու խոսեք, հասկացեք, թե ինչպես են ընթանում նրանց գործերը։

Աշխատեք, որ ապրեք, ոչ թե ապրեք, որ աշխատեք։

Արեք միայն այն, ինչ ձեզ ստիպում է երջանիկ լինել, ինչը ստիպում է ձեր սրտին արագ զարկել։

Ուզում եք տորթ ուտե՞լ, կերեք ու մեղավոր մի զգացեք դրա համար։ Ասեք «ոչ» նրան, ինչը չեք ուզում։ Դադարեք մտածելուց այն մասին, ինչ կմտածեն ձեր մասին ուրիշները։

Ասեք ձեր հարազատներին, թե ինչքան եք սիրում նրանց ու սիրեք նրանց ամբողջ սրտով։

Համենայն դեպս, սրանք պարզապես խորհուրդներ են երիտասարդ աղջկանից, ու դուք կարող եք հետևել դրանց կամ չհետևել։

Եվ վերջում՝ դարձեք դոնոր ինչ-որ մեկի համար։ Դոնորների շնորհիվ ես ևս մեկ տարի ապրեցի, ինչի համար ես նրանց անչափ շնորհակալ եմ։

Մինչ նոր հանդիպում...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել