Ամերիկյան նավատորմին չի հաջողվել իդենտիֆիկացնել այն, ինչը նշմարվել է տեսաձայնագրություններում: Օբյեկտներն անվանվել են «չբացահայտված օդային երևույթներ»: Այս մասին հայտնում է CNN-ը:

ԱՄՆ ռազմածովային նավատորմն առաջին անգամ ճանաչել է նախկինում բաց հասանելիություն ստացած տեսաձայնագրությունների իսկությունը, որտեղ երևում են չբացահայտված թռչող օբյեկտներ: Տեսաձայնագրությունն արվել է F/A-18 ծովային ավիացիայի օդաչուների կողմից:

Ըստ ԱՄՆ ռազմածովային նավատորմի ներկայացուցիչ Ջոզեֆ Գրեդիշերի՝ Պենտագոնն ի վիճակի չէ բացատրելու, թե կոնկրետ ինչ է երևում տեսաձայնագրության մեջ:

Առաջին տեսանյութն արվել է 2004 թ. Կալիֆոռնիայի ափին USS Nimitz ավիակրի օդաչուների կողմից:

Մյուսն արվել է 2015 թ. Արևելյան ափին F/A-185F կործանիչի տեսախցիկի միջոցով: Յուրաքանչյուր դեպքում նկատվող օբյեկտները մանևրներ են իրականացրել, որոնք ժամանակակից տեխնոլոգիաների տեսանկյունից անհնար է կատարել:

15 տարվա հնություն ունեցող կադրերում սենսորները կարողացել են կենտրոնանալ թռչող օբյեկտի վրա, սակայն վերջինիս արագության բարձրացումից հետո կորցրել են այն տեսադաշտից:

Տեսաձայնագրությունները պարունակում են նաև ամերիկացի օդաչուների խոսակցությունները, որտեղ նրանք փորձում են բացատրել ու նկարագրել, թե ինչի են հանդիպել:

«Սա գրողի տարած դրոն է, եղբա՛յր: Աստված իմ: Դրանք բոլորը քամուն հակառակ են գնում, տես»,- ասում է օդաչուներից մեկն իր գործընկերոջը:

Գրեդիշերը նշել է, որ հրապարակվել է «բախումների» տեսաձայնագրությունների միայն փոքր հատվածը: Դրա պատճառներից մեկը ավիատորների վախն է՝ կապված այն տեսությունների հետ, որոնք փորձում են բացատրել, թե իրականում ինչ են իրենցից ներկայացնում չբացահայտված թռչող օբյեկտները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել