Խորհրդարանական կառավարման համակարգի ուշագրավ առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ոչ առաջատար դիրք զբաղեցնող կուսակցությունը կարող է ոչ միայն վճռորոշ ազդեցություն ունենալ կառավարող կոալիցիայի ձևավորման, վարչապետի ընտրության գործընթացի վրա, այլև, օրինակ, պայմանավորված տվյալ ուժի ղեկավարի քմահաճույքով, ընդհանրապես տապալել ցանկացած քաղաքական պրոցես:
Նշվածի ամենավառ ապացույցն Իսրայելում ստեղծված իրավիճակն է: Սեպտեմբերի 17-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ քաղաքական ճամբարներից որևէ մեկը չի ստացել քվեների անհրաժեշտ պարզ մեծամասնություն. խորհրդարանական մանդատների ընդհանուր հարաբերակցությունը գրեթե հավասար է՝ շուրջ 55-ական:
Ստեղծված պայմաններում և՛ ներկայումս իշխող աջակողմյան կոալիցիան, և՛ ընդդիմադիր ձախ-կենտրոնամետ ուժերը սպասում են նախկին ՊՆ, պահպանողական գաղափարական ուղղվածությամբ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի կողմնորոշմանը: Նրա կուսակցությունը 9 մանդատով 4-րդ տեղում է և անգամ 4 մանդատով բարելավել է ս.թ. ապրիլին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: Ի դեպ, նշված ընտրություններից հետո կառավարություն չձևավորվեց հենց նույն Լիբերմանի կոշտ և անզիջում դիրքորոշման պատճառով:
Այսպիսով, կարծես, մոտ է իրականությանը Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետին՝ Բենյամին Նեթանյահուին «գահընկեց անելու» պահը. ի դեպ, դրան ձգտում էր նաև Լիբերմանը: