Արար համար 1

Տիկին Լաուրան ապրում էր մենակ։ Նրա մեծ որդին դեռ 90-ականների մութ ու ցուրտ տարիներին տիկին Լաուրայի ամուսնու մահանալուց հետո ընտանիքով տեղափոխվել էր ԱՄՆ։

Արար համար 2

Տիկին Լաուրայի ամուսինը` Պողոսը, մահացել էր 1992-ին` հիվանդանոցում վիրահատության ժամանակ, երբ սովորականի պես անջատվեցին հիվանդանոցի լույսերը, և Պողոսին պահող արհեստական շնչառության էլեկտրական սարքը։

Արար համար 3

Տիկին Լաուրան ապրում էր մեն-մենակ Նոր Նորքի առաջին զանգվածի իր 3-սենյականոց բնակարանում, որն իր հանգուցյալ ամուսինը ստացել էր դեռ կոմունիստների ժամանակ:

Արար համար 4

Տիկին Լաուրան ուսանողական ժամանակներից ուներ Աննա անունով մի ընկերուհի։ Աննայի հետ ամենօրյա հեռախոսային շփումը տիկին Լաուրայի առօրյա կյանքի բաղկացուցիչ մասն էր։

Արար համար 5

Մի օր տիկին Լաուրան որոշում է վաճառել իր 3-սենյականոց բնակարանը և փոխարենը գնել Նոր Նորքի 9֊րդ զանգվածում մեկսենյականոց բնակարան։ Գումարի տարբերությունը դրամով կազմել էր 8 մլն դրամ։ Այդ գումարը տիկին Լաուրան տանում է բանկ և ձևակերպում որպես ավանդ: Ստացվող տոկոսը բավականին թեթևացնում է նրա հոգսերը։

Արար համար 6

Տիկին Լաուրան գիտեր, որ իր ընկերուհի Աննայի ամուսին Նիկողայոսը հեղափոխութունից հետո դարձել էր շատ կարևոր պաշտոնյա, և տիկին Լաուրան անկեղծ ուրախանում էր։

Արար համար 7

Մի գեղեցիկ օր տիկին Լաուրայի տուն գալիս են ոստիկանները և նրան հանձնում են ՀՔԾ քննիչ Ռուստամ Պիդասյանի ստորագրությամբ ծանուցագիրը` հարցաքննության կանչվելու մասին։ Պարզվում է, որ Աննայի ամուսնու վրա ապօրինի հարստացման հոդվածով գործ է հարուցված, և «Բանկային գաղտնիքի մասին» նոր օրենքի համաձայն՝ քննիչ Պիդասյանը, ստուգելով Աննայի և նրա ամուսնու հեռախոսազանգերը, պարզել է, որ Աննան ամենօրյա շփման մեջ է տիկին Լաուրայի հետ։

Արար համար 8

Համաձայն «Բանկային գաղտնիքի մասին» նոր օրենքի, ունենալով հիմնավոր և վերաբերելի կասկած և պարզելով տիկին Լաուրայի բանկային ավանդի գումարի չափը՝ քննիչ Պիդասյանը կալանք է դնում տիկին Լաուրայի հաշվի վրա։ Նախաքննությունը տևում է 10 ամիս, իսկ դատավարությունը՝ ևս 2 տարի, և ապացուցվում է, որ տիկին Լաուրայի գումարը օրինական է և կապ չունի Աննայի ամուսին Նիկողայոսի բազմամիլիոնանոց կաշառքների հետ։ Բայց այդ ամբողջ ընթացքում տիկին Լաուրան չի ստանում իր հասանելիք ամենամսյա տոկոսը։ Նյարդային ապրումներից նա մահանում է սրտի կաթվածից իր գումարի արդարացման դատավճռի հրապարակման օրը։

Արար համար 9

Տիկին Լաուրայի որդին չի հասցնում ձևակերպել ժառանգության թղթերը: Ավանդի գումարը ճանաչվում է տիրազուրկ և, համաձայն գործող օրենսդրության, փոխանցվում է Երևանի քաղաքապետարանի հաշվին։

Արարար համար 10

Տիկին Լաուրայից փաստացի բռնագրաված գումարով Երևանի քաղաքապետը քաղաքի համար ձեռք է բերում 5 հատ նոր աղբաման, որոնք տեղադրվում են Նոր Նորքի փողոցներում:

Եզրակացություն

Տե՛ս նախորդ տրագիկոմեդիան: Ի լրումն դրա` ում հետ շփվում եք, սկզբից ճշտեք՝ արդյո՞ք նրանց մերձավորների կամ հարևանների նկատմամբ կան հարուցված քրեական գործեր: Դա պետք է անել յուրաքանչյուր շփումից առաջ և ցանկալի է ձայնագրել ու պահել առանձին տեղում։ Իսկ ավելի հուսալի է, ցավոք, սկսել զգուշանալ բանկում գումար պահելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել