Շուշին այլ բարձունք է: Շուշիից կարելի է նայել Աստծո աչքերի մեջ և գտնել փրկություն...
Այս տարին ինձ համար հաստատ հիշվելու է որպես մեծ հույսի, սիրո ու անսահման հավատի տարի: 2 տոն, որոնք Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից են, դարձան ինձ և նոր ու հին ընկերներիս համար խորհրդանշական: Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, դարձավ քաղաքիս վերածննդի խորհրդանիշ: Սուրբ Խաչը կամ Խաչվերացը դարձավ Ապրիլյանում անմահացած հերոսների գենի և շարունակության Սուրբ մկրտության օր:
Ես չեմ կարող բացատրել, թե կիրակի օրը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցիում ինչ տեղի ունեցավ, ինչ կատարվեց... Օդում զգացվում էր գերբնականը, շոշափելի էին հոգևորը և հավիտենականը:
Կիրակի օրը Շուշիում մկրտություն ստացավ այն գենը, որը հազարամյակներ շարունակ կռվել, պահել ու կյանքի գնով նվաճել է ապրելու իրավունքը: Մկրտվեց այն արյունը, որը դարեր ի վեր Հայ առաքելական եկեղեցու զինվորի պես պահպանել է մեր ինքնությունը: Սեպտեմբերի 15-ին մկրտվեցին ապագա հերոսները: 90 մկրտվողներից ամենափոքրը 11 ամսական էր, իսկ ամենամեծը՝ 40-ին մոտ, իսկ կնքահայրերը մեր կողքին ապրող հերոսության վառ օրինակներ, անմահ տղաների մարտական ընկերներն էին: Ամեն մեկը դարձավ մի գերդաստանի պահապան, մի ընտանիքի թև ու թիկունք, մի ընտանիքի պաշտպան այնպես, ինչպես կանգնել էր 2016-ի ապրիլին և պաշտպանում էր մի ամբողջ ազգ հերթական ոտնձգությունից: Նրանք հաղթեցին այն անգամ: Նրանք հաղթեցին նաև կիրակի օրը... Այս անգամ առանց զենքի, օրհնված ջրով սրբելով մկրտված սանիկների դեմքը և խորհրդանշական խաչ նվիրելով նրանց:
Նրանք ապրում են մեր կողքին՝ հերոս ծնած մայրերը և հաղթանակած կնքահայրերը: Մենք պարտավոր ենք անել ամեն բան, որ նրանք ապրեն լավ և միշտ իմանան, որ կնքահայրերը սարի պես կանգնած են լինելու իրենց թիկունքին, մենք էլ, կողքից լուռ հետևելով, հաստատ հուսախաբ չենք անի, եթե մեր կարիքը զգացվի:
«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն», Շուլի, Ռազ, Դավիթ, Սոս, Ժոռա, Դանիել, Հայկ, Գևորգ և մնացած իմ սիրելի ընկերներ, ապրե՜ք, դուք հաղթող եք ծնվել ու այդպես էլ ապրում եք: Շնորհակալ ենք բոլորիցդ ու կրկնակի շնորհակալ ենք անմահացած հերոսներին: Շնորհակալ ենք Ուրֆանյանների, Աբաջյանների, Սլոյանների և մնացած հերոսների ընտանիքներին, ովքեր իրենց ներկայությամբ օրհնեցին այս արարողությունը: Աստված պահի բոլորիդ ընտանիքները:
Շնորհակալ ենք Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի, մկրտության արարողությանը իրենց ներկայությամբ կարևոր խորհուրդ հաղորդելու համար: Շնորհակալ ենք Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին՝ մկրտության արարողությունը անցկացնելու համար: Մեծարգո պարոն նախագահ, սրբազան հայր, Աստված ձեզ պահապան:
Շնորհակալ եմ ընկերներիս, որ օգնեցին կազմակերպել այս ամենը, որը դեռ չի տեղավորվում մեր գիտակցության մեջ և գուցե որոշ ժամանակ անց նոր դառնա մեզ համար ընկալելի:
Շնորհակալ ենք «Կարաս» ազգային սննդի ցանցին և «Ավաս» ընկերությանն իր «Chocs & more» շոկոլադներով՝ նախաձեռնությանը աջակցելու և մեր հյուրերի ճանապարհն ավելի համեղ դարձնելու համար:
Շուշին այլ բարձունք է: Շուշիից կարելի է նայել Աստծո աչքերի մեջ և գտնել փրկություն...