Քաղաքական վերլուծական դաշտում բոլորը վաղուց հասկանում էին, որ սեփական գահավիժող վարկանիշի պարագայում հնարավոր պալատական հեղաշրջման արդյունքում հենց սեփական կողմնակիցների ձեռքով իշխանության բերվելու ամենամեծ շանսերն ունի հենց Արթուր Վանեցյանը:
Երբ պետության ղեկավարը թույլ է տալիս, որ իր հատուկ ծառայության, ըստ էության, գաղտնի ոստիկանության ղեկավարը գրեթե ամեն օր հարցազրույց տա ու աստիճանաբար դառնա ռոք աստղ, դա տվյալ անձի մեղքը չէ, որ օգտվում է այդ աննախադեպ հնարավորությունից, այլ պետության ղեկավարի, որ նման աննախադեպ անզգուշություն է թույլ տալիս: Գերպոպուլյար գաղտնի ոստիկանն իր տիրապետած ռեսուրսներով պալատական հեղաշրջում կատարելու կամ դրանից օգտվելու լավագույն թեկնածու է: Հենց դա է պատճառը, որ աշխարհի որևէ երկրում, որևէ նորմալ պետությունում երբևէ հատուկ ծառայության ղեկավարը չի լինում այդքան հանրային և այդքան բարձր վարկանիշ ունեցող` չունենալով որևէ քաղաքական անցյալ, չլինելով որևէ ժողովրդավարական, հանրային, հասարակական կամ հեղափոխական ներդրում ունեցող անձ:
Հիմա, երբ այս վարչապետը, չտիրապետելով քաղաքագիտական որևէ գիտելիքի, բավական ուշ հասկացավ այս պարզ քաղաքագիտական ճշմարտությունը, ինքն է հեռացնում իշխանությունից իր իսկ աճեցրած կերպարին և միաժամանակ փորձում է արդեն ստվեր գցել նրա վրա:
Սա լավ ցուցիչ է, թե ինչպես է այս վարչապետը կատարում կոպտագույն սխալներ, հետո փորձում շտկել դրանցից մի քանիսը, երբ հետևանքներն այլևս շատ ծանր են լինելու: Շարքային անվտանգության ծառայողին սուպերաստղ դարձնելը, հետո նրան առանց բացատրության հեռացնելն ու շանս տալը՝ հանդես գալ տուժող ընդդիմադիրի դիրքերից, ամենաանխոհեմ պահվածքներից է, որ երկրի կառավարիչը կարող է իրեն թույլ տալ:
Ցավոք, սա մեկն է միայն բազում այն անհեթեթություններից, որ այս իշխանությունն իրեն թույլ է տվել, տալիս է և դեռ տալու է: