Ձեզանից շատերը, ամենայն հավանականությամբ, համացանցում հանդիպել են 1936թ. հայտնի լուսանկարին, որտեղ նկատվում է ձեռքերը ծալած մի աշխատավոր, որը հրաժարվել է նացիստական ժեստը կրկնել՝ ձեռքը վեր բարձրացնել։ Այդ աշխատավորը Ավգուստ Լանդմեսսերն էր։ Մենք այժմ կպատմենք, թե ինչու է նա այդ քայլին գնացել, և ինչ է պատահել հետո։

1936 թ. ամռանը Համբուրգում հանդիսավոր կերպով ծով դուրս եկավ «Blohm + Voss» առագաստանավը։ 259-մետրանի ռազմածովային ուսումնական «Հորսթ Վեսել» նավն անվանվել էր նացիստ ակտիվիստի պատվին, որը 1930թ. սպանվել էր Գերմանիայի կոմունիստական կուսակցության անդամի հետ անձնական վեճի ժամանակ։

Հորսթ Վեսելի մահն ակտիվորեն քաղաքականացվեց և օգտագործվեց նացիստական քարոզչության համար. նրան սկսեցին համարել իրական նահատակ։ Նա իր իսկ բնակարանում գլխից վիրավորվել էր Ալբրեխտ Հյոլերի կողմից, ով Գերմանիայի կոմունիստական կուսակցության անդամ էր։ Վեսելը հրաժարվել է առաջին բուժօգնությունից և մահացել է մեկ ամիս անց արյան վարակից։

Նավի՝ ծով դուրս գալու արարողությանը ներկա էր նաև Ադոլֆ Հիտլերը։ Վեսելի մայրը, համաձայն ավանդույթի, նավի վրա շամպայնի շիշ կոտրեց, իսկ հավաքված աշխատավորներն ու անցորդները հրավառություն կազմակերպեցին։ Միայն մի մարդ չմիացավ մյուսներին՝ արհամարհանքով խաչելով ձեռքերը կրծքավանդակին։

Այդ ժամանակ Ավգուստ Լանդմեսսերը 26 տարեկան էր։ Նա նացիստական կուսակցությանն անդամագրել էր 1931թ.՝ հույսով՝ աշխատանք գտնել, սակայն չորս տարի անց արտաքսվեց, քանի որ նշանվեց հրեա Իրմա Էկլերի հետ։

1935թ. ծնվեց զույգի դուստրը՝ Ինգրիդը։ 1937 թ. Դանիա մեկնել փորձելու ժամանակ նրանց ձերբակալեցին և Ավգուստին մեղադրեցին ռասայի պղծման մեջ։ Նրան արդարացրին այն բանից հետո, երբ նա կարողացավ համոզել դատարանին, իբր թե չի իմացել, որ կինը հրեա է։ Տղամարդուն բաց թողեցին պայմանով, որ սեփական կնոջ հետ կապը շարունակելու դեպքում նա կդատապարտվի ծանր աշխատանքներ կատարելու։ Մի քանի ամիս անց Ավգուստին կրկին ձերբակալեցին և ուղարկեցին «Բերգերմոր» ճամբար։

Երեք օր անց Իրմա Էկլերին ևս ձերբակալեցին։ Երկու երեխաների մայրը հայտնվեց «Ֆյուլսբյուտել» բանտում, որտեղից նրան տեղափոխեցին «Օրանիենբուրգ» ճամբար, այնուհետև՝ կանանց «Լիխտենբուրգ» ճամբար, և, վերջիվերջո, «Ռավենսբրյուկ» համակենտրոնացման ճամբար։ 1942-ի սկզբին նա և ևս 14,000 բանտարկյալներ մահացան գազային խցում։

1941թ. հունվարի 19-ին Ավգուստ Լանդմեսսերն ազատ արձակվեց։ Նա սկսեց աշխատել «Պյուստ» տրանսպորտային ձեռնարկության վարնեմյունդյան մասնաճյուղում։ 1944թ. փետրվարին նրան կանչեցին պատժի գումարտակ, որից հետո նա Խորվաթիայում ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորավ։ Հնարավոր է՝ նա սպանվել է 1944թ. հոկտեմբերի 17-ին Սթոնի մերձակայքում։ 1949թ. Ռոստոկի մարզային դատարանը Ավգուստին մահացած ճանաչեց 1949թ. օգոստոսի 1-ի ամսաթվով։

Երեխաները՝ Ինգրիդը և Իռենան, հայտնվեցին քաղաքային որբանոցում։ Ավագ դստերը կարողացավ վերցնել մոր կողմից տատը, որը մահացավ 1953թ., իսկ կրտսերը մնաց մանկատանը, մինչև որ չորդեգրվեց։

1991թ. Իռենա Էկլերը պարբերականում հայտնի լուսանկարը տեսավ և ճանաչեց դրանում պատկերված մարդուն՝ իր հորը՝ Ավգուստ Լանդմեսսերին։ Ամենայն հավանականությամբ, վերջինս այդ ժեստով իր անհամաձայնությունն է հայտնել Երրորդ ռեյխի խտրական քաղաքականությանը, որի պատճառով չի կարողացել երջանիկ լինել և ամուսնանալ իր սիրելի աղջկա հետ։

1951թ. ամռանը Ավգուստ Լանդմեսերի և Իրմա Էկլերի միությունը պաշտոնապես գրանցվեց Համբուրգի սենատի կողմից։ Նույն տարվա աշնանը Ինգրիդն ու Իռենան ստացան հոր ազգանունը, սակայն Իռենան շարունակեց օգտագործել մոր ազգանունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել