Tert.am–ը գրում է.

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը սկսում է ծավալուն հոդվածաշար, որի նպատակը, ըստ հեղինակի, առողջ դիսկուրս նախաձեռնելն է։ Tert.am–ը ներկայացնում է այս հոդվածաշարի առաջին մասը։  

Մաս 1

Անկախության 28-րդ տարեդարձի շեմին առաջարկում եմ պաթետիզմի և վերացական կոչերի փոխարեն օգտագործել առիթը՝ պետության անցած ուղու, ներկա վիճակի և ապագա խնդիրների սառը վերլուծության և սթափ հետևությունների համար։ Բոլոր ձեռքբերումներով հանդերձ՝ մենք ունենք շատ լուրջ խնդիրներ, որոնք մեր առջև կանգնած են, և որոնք հնարավոր է լուծել միայն ու միայն գրագիտության, ռացիոնալ մտածողության շնորհիվ։ Ես սկսում եմ ծավալուն մի հոդվածաշար, որի  նպատակը նաև առողջ դիսկուրս նախաձեռնելն է։

Ո՞ր արդյունքի համար աշխատել. ներկա սերնդի ըմբռնման ու բարեհաճությա՞ն,  թե՞ ապագա սերնդի ներողամտության

Ուզում եմ սկսել շատ պարզ, բայց, իմ կարծիքով, տարրական արձանագրումով. «Նոր Հայաստան»-ի տնտեսական և պետական հիմքը և առաջիկա բարեփոխումների  բազան, որքան էլ անցանկալի հնչի ոմանց համար, դրել և ամրապնդել են նախկին իշխանությունները: Մեր երկիրն ունի 28 տարվա պատմություն՝ լավ, վատ, իրար հակասող դրվագներով, բայց դա մեր ընդհանուր երկրի պատմությունն է: Դրա մասն են 90-ականների սերնդի անվիճելի ձեռքբերումները՝ վերականգնված հայկական պետականությունն ու անկախ Արցախը: Այս ձեռքբերումներով մեր դեռ շատ սերունդներ են հպարտանալու: Մեզ համար կարևոր է հասկանալ և ընդունել մեր պետության ժառանգականության ու շարունակականության սկզբունքը։

Եթե այդ ամուր հիմքը չլիներ, ապա մեզ հիմա միայն իշխանությունների՝ աղբահանության հարցը չկարգավորելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավել չկարողանալու հարցերը չէ, որ կանհանգստացնեին:

Պատկերացրեք, թե որքան ամուր է այդ հիմքը, որ 2018թ-ի մայիսյան հայտնի իրադարձություններին հաջորդած պոպուլիզմի շրջանն ու  մեր իշխանությունների անփորձությունը դեռ չեն հանգեցրել պետական մեքենայի իսկական կոլապսի, ազգային անվտանգության նոր մարտահրավերների ու սպառնալիքների և գոյատևման խնդրի՝  բառի ուղիղ իմաստով: Այլ երկրների նման փորձը ցույց է տալիս, որ այդպիսի  վտանգները հեշտությամբ դառնում են իրականություն։

Առաջարկում եմ հիշել այն բարդ ճանապարհը, որն անցել ենք՝ այդ հիմքերը դնելու ընթացքում, և խոսել այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ հիմքը շարունակի ամուր ու հուսալի մնալ:

Սա անում եմ, որպեսզի ոչ վաղ անցյալի մեր պատմությունը չխեղաթյուրվի, չարժեզրկվի, և այս ու նաև հաջորդ իշխանությունների համար ընկալվի որպես իրական հենք՝ հետագա առաջընթացի համար:

Փորձեմ դիտարկումներս խմբավորել երեք հարցի շուրջ. ո՞րն էր հաջողության գրավականը, հնարավո՞ր էր արդյոք խուսափել սխալներից և ինչպե՞ս արդիականացնել մեր երկիրը։

Առաջին երկու հարցերը շատ հետաքրքիր և բավականին բարդ են:  Պատմական էքսկուրս չէ, որ անում եմ։ Ես դրանց չէի անդրադառնա,  եթե վստահ չլինեի, որ դրանք ունեն խիստ կիրառական նշանակություն  այսօր և վաղը՝ հաջորդ իշխանությունների համար։ Իրողություններին առաջարկում են նայել այլ տեսանկյունից։ Մենք այդ հարցադրումներն անում ենք հիմա՝ մի շարք ծրագրերի մեկնարկից 15-20 տարի անց: Բայց պետք է հաշվի առնել, որ այն ժամանակ շատ բաներ ստիպված ենք եղել սկսել զրոյից՝ առանց  համապատասխան գիտելիքների և փորձի։ Հաճախ ստիպված ենք եղել սովորել ընթացքում, ինչպես նաև՝ հաղթահարել հանրային դիմադրության իներցիան։

Գուցե առանձին նկարագրելու  թեմա է՝ իներցիոն, իսկ շատ դեպքերում՝ ամեն նոր պրոյեկտի դեպքում կազմակերպվող դիմադրությունը։ Դիմադրություն եղել է ամեն լավ գաղափարի, ամեն լավ նախագծի, ամեն առաջադիմական բարեփոխման հանդեպ։ Փոխարենը՝ այսօրվա սերունդները և մեր երկրի հյուրերը օգտվում են 2000-ական թվականների աշխատանքների պտուղներից։ Չեմ բացառում, որ բացթողումներ եղած լինեն ինչպես գործադիրի, այնպես էլ՝ պետական իշխանության այլ մարմինների գործողություններում։ Որոշ դեպքերում մայրաքաղաքի և այլ բնակավայրերի մի շարք քաղաքացիներ ստիպված են եղել անցնել դժվար փորձությունների միջով։ Հասկանալով հանդերձ, որ որևէ խոշոր պրոցես չի կարող հարյուր տոկոսով հարթ և անցավ ընթանալ, ես, միևնույն է, խորապես ցավում եմ այդ մարդկանց կրած դժվարությունների համար։

Այժմ, հաշվի առնելով անցած ժամանակը, կարելի է խուսափել անցյալի սխալներից և խնդիրներից։ Այդ խնդիրները հատուկ են ոչ միայն մեր երկրին, այլև բոլոր այն երկրներին, որոնք ստիպված են հաղթահարել  անցումային զարգացման ճանապարհը։ Փորձի կուտակմանը զուգահեռ՝  շատ կարևոր է, որ ձևավորվեն և աշխատեն մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ։ Դրանք հանգեցնում են ներհասարակական տրամադրությունների հավասարակշռության։

Շատերը չգիտեն, թե ինչ դժվարությունների և փորձությունների միջով են անցել իշխանությունները, օրինակ՝ նոր օդանավակայանի և Թումոյի կառուցման ժամանակ։ Եթե այսօր թվում է, թե բոլորը շահագրգիռ էին նոր օդանավակայանով, բոլոր ծառայություններն էին խանդավառված ավելի քաղաքակիրթ ու ավելի թափանցիկ աշխատանքով, չարաչար սխալվում են։  Օդանավակայանի շատ աշխատակիցներ և պետական մի շարք ծառայողներ կհիշեն, թե ինչպես ես ինքս հաճախ ստիպված եմ եղել գիշերներով լինել օդանավակայանում, որպեսզի կարգավորեմ բոլոր ծառայությունների քաոսային աշխատանքը։ Դա ոչ ոքի չէր հետաքրքրում, բոլորը ուզում էին արագ ստանալ իրենց ուղեբեռը, անցնել անձնագրային և մաքսային վերահսկողությունն ու հայտնվել քաղաքում։ Ակնհայտ էր, որ ո՛չ իշխանություններին, ո՛չ Էռնեկյանին պետք չէր ունենալ զուտ տերմինալի գեղեցիկ շենք, այլ պետք էր ապահովել ծառայությունների բարձր որակ, այդ թվում՝ պետական ծառայությունների։ Հակառակ դեպքում չէին լինի արված ներդրումները։ Դժվար է նկարագրել, և երբևէ չի խոսվել այն մասին, թե որքան դժվար են եղել բանակցություններն այն մարդկանց հետ, որոնք, Թումանյանի անվան այգու շրջակայքում բիզնեսի կազմակերպման համար ծախսելով բազմաթիվ հազարավոր դոլարներ, չեն փորձել որևէ պաշտոնական թղթաբանությամբ դրանք ամրագրել՝ սրճարաններ, բենզալցակայաններ, ավտոլվացման կետեր և այլն։ Ինչ ջանք, համբերություն ու կամք է պահանջվել, որ գտնվի լավագույն փոխզիջումը՝ նրանց և ստրատեգիական ներդրողի միջև։ Արդյունքում՝ այսօր Թումոն Երևանի այցեքարտն է, հիանում ենք հարակից այգով և հպարտանում այդ ձեռքբերումներով։ Բոլոր հյուրերին տանում ենք այնտեղ, ու մեր երեխաները ունեն աշխարհի ամենաառաջադիմական կրթության հնարավորությունը։

Պատկերացրեք, թե ինչ իրավիճակ կունենայինք,  եթե 15-20 տարի առաջ չսկսեինք կառուցել նոր և վերակառուցել գործող ճանապարհներն ու փողոցները։ Այդ ծրագրերը ևս բախվել են ֆիզիկական և իրավաբանական շատ ու շատ  անձանց շահերի հետ, եղել է շատ լուրջ դիմադրություն, իսկ այն օրերի ընդդիմադիր մամուլը ծայրահեղ կերպով քննադատում էր իշխանության յուրաքանչյուր քայլ։ Բայց դրա արդյունքում է, որ Երևանն այսօր, անգամ այս անգործության պայմաններում, երթևեկության կոլապս չի ունենում։ Իսկ որոշ ճանապարհների կառուցումն ուղղակի ազգային անվտանգության խնդիրներ է լուծում։ Այսօրվա նույնիսկ աղբահանության լուծման անկարողության ֆոնին կառաջարկեի դրա մասին լուռ մտածել։

Միշտ դժվար է ռազմավարական ներդրողի և կոնկրետ քաղաքացու միջև համարժեք փոխզիջում գտնել, միշտ դժվար է ադեկվատ ձևով գնահատել հանրային և անհատական շահերը, հասկանալ այդ շահերի միջև առաջնահերթությունը։ Միշտ կա մի կողմ, որը դժգոհ է փոխզիջումային որոշումից։ Ժամանակն ու կյանքը ցույց տվեցին, որ ընդունված գրեթե բոլոր ռազմավարական որոշումները Երևանի և երկրի զարգացման տեսանկյունից ճիշտ և արդարացված են եղել։ Իրականում դրանք  միտված են  եղել ապագային: Այն ամենը, ինչ ստեղծվել և զարգացել է 2000-ականների սկզբին, արվել է ապագայի համար։ Եթե չլինեին երկրի ղեկավարության վճռականությունն ու հետևողականությունը՝ այդ ժամանակաշրջանի նախագահ Քոչարյանի գլխավորությամբ, մենք կարող էինք լինել տարածաշրջանի ետնապահը՝ ներթաթախված 90-ականների խնդիրների մեջ։ Մենք ունեինք դրա բոլոր նախադրյալները, այդ թվում՝ օբյեկտիվ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել