Թուրքիայի հարավում գտնվող Մերսին քաղաքում կիրակի օրը ցուցարարների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ: Ինչպես հաղորդում է տեղի հեռուստաալիքը, անկարգությունների հետևանքով տուժել են 2 լրագրող, 7 ոստիկան և մոտ տասը ցուցարարներ:
Ակցիայի մոտ 500 մասնակիցներ հավաքվել են Մերսինում գտնվող 2 առևտրի կենտրոնների մոտ՝ քաղաքային հրապարակ անցնելու մտադրությամբ: Ոստիկանությունը նրանց առաջարկել է ցրվել:
Որոշ ժամանակ անց հավաքվածների բազմությունը ցրվել է, սակայն հավաքվել է առևտրի կենտրոնների միջև գտնվող փողոցում, որտեղ նախկինում ոստիկաններ չկային: Սակայն իրավապահները շատ արագ փակել են բոլոր բաց փողոցները: Երբ ցուցարարները փորձել են ճնշել ոստիկաններին, վերջիններս նրանց նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ և ջրցաններ: Ի պատասխան՝ ցուցարարները ոստիկանության ուղղությամբ սկսել են նետել քարեր և դատարկ շշեր:
Ցուցարարների մի մասը ցրվել է, սակայն մյուս մասը սկսել է ձեռքի տակ եղած միջոցներով բարիկադներ կառուցել:
Ներկայում Մերսինում լարվածությունը պահպանվում է:
Տվյալներ կան նաև Դիարբեքիրում վիրավորվածների մասին: Այնտեղ տուժել են ոստիկան, լրագրող, մոտ 10 ցուցարար, մի քանի մարդ ձերբակալված է:
Խոշոր միջադեպ է տեղի ունեցել Ստամբուլի Բեյօղլու թաղամասում՝ հաղորդում է Haberturk գործակալությունը: 15 հոգուց բաղկացած դիմակավորված ծայրահեղականների խումբը, ովքեր «կարգախոսներ են վանկարկել ի պաշտպանություն ահաբեկչական կազմակերպության», քարեր և վառվող նյութով շշեր են նետել քաղաքային ավտոբուսի ուղղությամբ, որում եղել է 30 ուղևոր: Հարձակումից հետո, որի արդյունքում ոչ ոք չի տուժել, ծայրահեղականներն անհետացել են:
Զանգվածային ակցիա են անցկացրել նաև Անկարայի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի շրջանավարտները՝ դիպլոմների հանձնման արարողության ժամանակ: Շրջանավարտները պարզել են պաստառներ՝ «Դուք մարդկանց վռնդեցիք Գեզիից, սակայն Գեզիից չեք կարող հանել ժողովրդի ոգին» և այլ գրություններով: «Սա միայն սկիզբն է, դիմադրությունը շարունակվում է»,- վանկարկում էին նրանք:



