Մեր նախնիները չգիտեին, թե ինչ է նշանակում «հարմարավետություն» բառը և հարմարվել էին իրենց դժվար ապրելակերպին: Մարդկությունն իր պատմության ողջ ընթացքում փորձել է բարելավել իր կենսակերպը և շարունակում է դա անել առ այսօր: Առօրյա շատ իրեր, որոնք մենք օգտագործում ենք, անհասանելի են եղել մեր նախնիներին, այդ թվում՝ նաև զուգարանի թուղթը, սակայն դրա բացակայությունն ամենևին էլ չի նշանակում, որ նախնիները չեն հետևել հիգիենայի կանոններին, պարզապես դրանք յուրօրինակ են եղել:

Հազարամյակներ շարունակ մարդիկ, կախված կլիմայից, մշակույթից և սոցիալական դիրքից, օգտագործել են հիգիենայի տարբեր առարկաներ: Հույներն օգտագործել են հարթ ծովային խճաքարեր, սկանդինավցիները՝ մորթի, պոլինեզացիները՝ կակղամորթերի պատյաններ կամ կոկոսի կեղև:

Կենտրոնական և Հարավային Ամերիկաների հնդկացիներն օգտագործում էին տերևներ և եգիպտացորենի կեղևներ, եգիպտացիները՝ պապիրուս, ճապոնացիները՝ հարթ մետաղներ: Իսլամական և հինդուսական մշակույթներում մաքրվում էին ձախ «կեղտոտ» ձեռքով և ջրով:

Հռոմեական կայսրությունում հայտնվեցին առաջին հասարակական զուգարանները՝ լատրինները: Դրանք պատերով շրջափակված տարածքներ էին, որտեղ նստատեղեր կային: Բնական կարիքները հոգալիս հռոմեացիները նստում էին դեմ-դիմաց, քննարկում էին վերջին լուրերը:

Զուգարանի թղթի փոխարեն օգտագործվում էին սպունգե ծայրերով հատուկ փայտիկներ: Մաքրվելուց հետո այդ փայտիկները դրվում էին անոթի մեջ, որը լի էր աղաջրով և քացախով:

Զուգարանի գաղափարը հռոմեացիները վերցրել էին հին հույներից: Հելլենիստների մոտ զուգարան այցելելը համարվում էր ազնվականներին հարիր, և այնտեղ չէր թույլատրվում հասարակ մարդկանց մուտքը: Կրետե կղզում հնէաբանները հայտնաբերել են կոյուղու նախատիպ հանդիսացող զուգարան, որը 4 հազար տարվա պատմություն ունի: Այն կազմված էր կավե տակառից և փայտե նստատեղից: Զուգարանի պարունակությունն ընկնում էր քարե տաշտի մեջ, ապա գնում դեպի ծովը:

Պատմաբաններին հայտնի է, որ զուգարանի թուղթը հայտնագործել է չինացի կայսեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Ցայ Լունը, 105 թվականին: Առաջին անգամ այս թուղթը հիգիենայի նպատակներով զանգվածաբար սկսել են կիրառել 589 թվականին: Չինացի մտավորական Յան Չժիտույը 589 թ. հորդորեց հայրենակիցներին որպես զուգարանի թուղթ չօգտագործել թղթեր, քանի որ դրանց մեծ մասի վրա կան իմաստունների խոսքեր և անուններ:

Հիգիենայի այս միջոցի մասին կրկին հիշեցին միայն 1391-ին: Կայսերական Մին ընտանիքի ծառայողները հաշվեցին, որ կառավարիչների կարիքները հոգալու համար տարեկան հարկավոր է լինում 15 հազար արոմատիզացված թուղթ՝ 70x90 սմ չափերով: Այդ ժամանակ թուղթը շատ թանկ արժեր, սակայն դրանից օգտվում էին նաև կայսեր պալատականները:

Ժամանակակից զուգարանի թուղթը հայտնագործվել է զուգարանից երեք հարյուրամյակ անց: 1857 թ. ամերիկացի գործարար Ջոզեֆ Հայեթին սկսեց վաճառել «բուժիչ թուղթ»՝ պատված ալոեի հյութով: Այն նախատեսված էր թութքով տառապող մարդկանց համար: Մինչ այդ եվրոպացիներն ու ամերիկացիներն օգտագործում էին թերթեր, գովազդային գրքույկներ, մորթե կտորներ, բազմանգամյա օգտագործման թղթե սրբիչներ:

Ջոզեֆ Հայեթիի բիզնես-գաղափարը հաջողության չհասավ, սակայն տարիներ անց այն սկսեցին իրագործել Բրիտանիայում, որտեղ հիմնվեց «Սուրբ Անդրեյի թղթի գործարանը», որն էլ համարվում է հիգիենիկ թղթե գլանափաթեթների առաջին զանգվածային արտադրողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել