2013թ. հունվարի 13-ին ՌԴ ՆԳՆ-ն հաստատեց, որ մահացու հրազենային վնասվածքներից հիվանդանոցում մահացել է ռուսական հանցաշխարհի քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը: Վերջինս Մոսկվայում դարձել էր մահափորձի զոհ, որից հետո հանցաշխարհում լարվածությունը վրացական և ռուսական կլանների միջև ավելի սաստկացավ՝ հանգեցնելով անվերահսկելիության: Շուրջ հինգ ամիսների ընթացքում երկու կլանների բախման արդյունքում մահացել է շուրջ 125 «օրենքով գող», իսկ հարյուրավորները՝ կալանավորվել են: Այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գրող, քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Նա նշեց, որ հանցաշխարհն ավելի անվերահսկելի է դարձել, երկու հզոր հանցախումբ՝ ռուսական և վրացական, իրար կոտորում են, և դա ռուսական իշխանություններին ձեռնտու է: «Է, թող կոտորեն իրար: Իրենք պետք է պայքարեին հանցախմբերի դեմ, հիմա հանցախմբերն են պայքարում իրար դեմ»,- նկատեց նա: Պարզաբանելով իր միտքը՝ նա ասաց, որ թյուր են կարծիքները, թե ՌԴ իշխանությունները սերտ կապեր են ունեցել Դեդ Հասանի հետ: Ս. Գալոյանի համոզմամբ՝ այդ բոլոր կապերի մասին տեղեկությունները հերքվել են: Գալոյանի հավաստիացմամբ՝ այդքան էլ հեշտ չէ պայքարել հզոր հանցաշխարհների դեմ, ինչպիսին ռուսականն է, որովհետև այն շատ մեծ, հզոր ուժ է, նույնիսկ ռուսական իշխանությունները, որ այդ միջոցներն ու տրամադրվածությունն ունեն պայքարելու, չեն կարողանում պայքարել ռուսական հանցաշխարհի դեմ:
Սերգեյ Գալոյանի խոսքով՝ քրեական աշխարհում տրանսֆորմացիոն գործընթացները Դեդ Հասանի սպանությունից հետո դեռևս շարունակվում են, բայց քիչ ժամանակ է մնացել այդ գործընթացների ավարտին: Քրեագետն ընդգծեց, որ այս ամենը կավարտվի, երբ վերջակետ դրվի հարցին, թե ով է զբաղեցնելու Դեդ Հասանի տեղը, իսկ մինչ այդ որևէ բան ավարտված համարել չի կարելի, հավանաբար պետք է սպասել մի երկու-երեք ամիս:
«Դեդ Հասանի սպանությունից հետո սաստկացել է նաև պայքարը Սոչիի օլիմպիադայի գումարների, Մոսկվայի շուկաների, արվեստի գործերի վաճառքի համար: Վրացական և ռուսական կողմերը ուզում են գերակայության հասնել: Ամեն օր աշխարհում մի քանի վրացի «օրենքով գող» է ձերբակալվում այս հակամարտության արդյունքում, ոմանք սպանվում են, այս ամենը շարունակվելու է դեռևս երկու-երեք ամիս՝ մինչև Շաքրո Մոլոդոյը Իսպանիայի բանտից չազատվի: Իսկ նա ազատվելու է երկու ամսից»,- ասաց Ս. Գալոյանը:



