168.am-ը գրում է․

Դեռևս նախորդ տարի Հայաստանում բացվեց առաջին և դեռևս միակ հակակարկտային ցանցեր արտադրող «Վաբատեքս» ընկերությունը, որը ցանցերի արտադրությանը զուգահեռ՝ իրականացնում է նաև դրանց տեղադրումը։ «Վաբատեքս» («ՎԱԲԱ») ՍՊԸ գործարանը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Խորհրդային Միության տարիներից մնացած կահույքի գործարանին, որը տարիներ շարունակ լքված էր և համարվում էր ամայի տարածք, այսօր «Վաբատեքս» («ՎԱԲԱ») ընկերությունը ոչ միայն շունչ է տվել, այլև վանաձորցիների համար ապահովել է երկու տասնյակ աշխատատեղեր։

168.am-ի հետ զրույցում  «Վաբատեքս» («ՎԱԲԱ») ընկերության կոմերցիոն տնօրեն Տիգրան Ղարաջյանն առավել մանրամասն ներկայացնելով գործարանի արտադրանքը՝ նշեց, որ գործարանն արտադրում է հակակարկտային ցանցեր, շպալերային համակարգեր, հատուկ տեխնոլոգիաներով բետոնե սյուներ,  որոնք միտված են գյուղատնտեսության զարգացմանը, գյուղատնտեսության ռիսկերի նվազեցմանը։ «Առհասարակ սա տեխնոլոգիա է, որն այգիների համար ապահովում է միկրոկլիմա, այգիների համար  կարկուտի դեմ ապահովում է 100 տոկոսանոց պաշտպանություն։ Ցանկացած լուրջ ֆերմեր, որը պատրաստվում է հիմնել այգի,  կարելի է  ասել, որ պարտադիր պետք է ունենա հակակարկտային ցանց, քանի որ այն պաշտպանում է  միջատներից, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Տարածաշրջանում սա միակն է, որը հիմնելու համար բավականին մեծ ներդրումներ ենք իրականացրել։ Գործարանում կան չորս գործող հաստոցներ, որոնք ունեն բավականին մեծ արտադրողականություն, որը բավարարում է և՛ Հայաստանի ներքին շուկայի պահանջարկը, և՛ վրացական, ինչպես նաև՝ ռուսական շուկաների համար։ Բավականին բարձր որակ է, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Ցանցերի համար նախատեսված թելը ներմուծում ենք Իտալիայից, որը նույնպես բարձր որակի է՝ 15 տարվա երաշխիքով»,- մեզ հետ զրույցում նշեց Տ. Ղարաջյանը։

Նրա խոսքով՝ գործարանում 2 մլրդ դրամից ավելի ներդրումներ են կատարվել, ներգրավվել են նաև վարկային միջոցներ, դժվարություններ շատ են եղել։ Սակայն գործարանը հիմնելիս՝ հաշվի են առել, որ պետությունն ունեցել է սուբսիդավորման տարբեր ծրագրեր, օրինակ՝ կարկտապաշտպան ցանցերի մոնտաժման համար 2 տոկոսանոց սուբսիդավորման վարկեր՝ բանկ-պետություն-ֆերմեր համագործակցության շրջանակներում, ուստի  գործարանի սեփականատերերը որոշել են դիմել ռիսկի և հիմնել գործարանը։

Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ գործարանը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, երկրի համար  նման արտադրության ապահովումը կարևոր է, որը նաև պետք է արտահանվի։

«Հումքը մենք ներմուծում ենք Հայաստան, վերամշակում, որի մեծ մասը հնարավոր է նաև արդեն արտահանել։ Սա էլ սեփականատերերն աչքի տակ ունենալով՝ բացեցին գործարանը, մենք այս պարագայում նաև մի շարք արտոնություններ կունենայինք ԵԱՏՄ շուկայում։ Բայց կա խնդիր, մենք տեսնում ենք, որ ունենք շատ լավ ծրագրեր, բայց դրանք միայն լավ գրված են, այսինքն՝ չեն իրականացվում։ Այն թիրախը, որը պետք է օգտվի վարկային արտոնություններից, սուբսիդավորման ծրագրերից, նրանք հիմնականում անտեղյակ են։ Այդ ծրագիրը մշակել են, բայց դրանց տարածումը և շրջանառության մեջ դնելն այդքան էլ բարձր մակարդակով չի իրականացվում։ 2017 թվականից մինչև օրս այդ խնդիրը կա, որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք։

Մենք գնահատում ենք, որ բանկ-պետություն փոխհարաբերությունն այդքան էլ արդյունավետ չէ։ Կարծում եմ՝ բանկերն այդքան էլ շահագրգռված չեն այս ծրագրերով աշխատելու համար, որովհետև պետությունը ստիպում է, որ մի քիչ ցածր տոկոսադրույք կիրառեն, գուցե կոպիտ հնչի, բայց բանկերը նման ծրագրերին մի քիչ անլուրջ են մոտենում։

Բանկը հույսը դրել է պետության վրա, որպեսզի պետությունը տվյալ ծրագրի մանրամասները տարածի, վարկային միջոցներ ու շահառուներ ներգրավի, սակայն շատ ֆերմերների հետ զրուցելուց հետո հասկանում ենք, որ բանկերն առհասարակ «արգելափակում» են նրանց, ովքեր դիմում են այս ծրագրի շրջանակներում վարկ տրամադրելուց»,- ասաց «Վաբատեքս» ընկերության կոմերցիոն տնօրենը։

Ըստ նրա՝ բանկերը հերքում են, որ նման իրավիճակ է, իսկ կառավարությունն էլ իր հերթին՝ նշում է, որ իրավիճակին տեղյակ է, սակայն երկուստեք որևէ քայլ չեն իրականացնում այդ  խնդիրը լուծելու համար։

Նա նաև հավելեց՝ այն, որ գործարանը հիմնադրվել է Վանաձորում, ժամացույցի  ճշտությամբ աշխատում է և տալիս է բարձր արտադրանք, արդեն բավական է, որ պետությունն այն երեխայի նման փայփայի և ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի գործարանի հզորությունն ավելի մեծացնի։

«Այսինքն, եթե այսօր կարողանում ենք ապահովել ռուսական շուկայի փոքր մասը, պետությունը պետք է մեթոդներ կիրառի, որպեսզի մեր մասնաբաժինն այնտեղ որոշ չափով ավելացնենք։ Այդ պատճառով էլ մենք պետք է փորձենք պետության հետ այնպես աշխատել, որ, ամենակարևորը՝ ինքնարժեքն իջնի։ Մինչև վերջերս գնի առումով մենք միջազգային շուկայում բավականին մրցունակ էինք, հատկապես՝ ռուսական շուկայում։ Բայց վերջին 1-2 ամսվա ընթացքում միջազգային շուկայում հսկա ընկերությունները սկսել են անարդար խաղ՝ սկսել են գների իջեցում անել՝ հիմնականում ռուսական շուկայում։ Այս ամենի արդյունքում մենք ենք տուժում, որովհետև մեր ինքնարժեքը մի քիչ ավելի բարձր է՝ տարադրամի փոխարժեքի հետ կապված, այսինքն՝ մենք հումքը ներմուծում ենք բարձր ինքնարժեքով։ Բացի այդ, վարկի տոկոսադրույքները և՛ կարճաժամկետ են, և՛ արտադրության համար բավականին բարձր»,- շեշտեց նա։

Տիգրան Ղարաջյանի դիտարկմամբ՝ այս ամենի համատեքստում  ակնկալում են, որպեսզի պետությունը միջնորդ հանդիսանա, ավելի ցածր տոկոսադրույքով և ավելի երկարաժամկետ վերաֆինանսավորման մեխանիզմներ մշակելու համար։

Այս խնդրի մասին ոչ պաշտոնական ձևով տեղեկացրել են նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, Կառավարությանը, որտեղից պատրաստակամություն են հայտնել այդ ուղղությամբ աշխատելու։ Բայց հատկապես այն պարագայում, երբ չկա Գյուղատնտեսության նախարարությունը, որն իրավասու էր այդ ուղղությամբ աշխատելու, տեսնում են, որ աշխատանքները չափազանց դանդաղ են ընթանում։
Նա նաև ակնկալում է, որ բանկերն ավելի ճկուն լինեն և հարցին ավելի արագ լուծում տան, որպեսզի մարդիկ կարողանան իրենց առջև դրված հարցերը լուծել։ Ավելին, պետությունն այդ աշխատանքները պետք է վերահսկի և բանկերին պարտադրի ճկունություն ցուցաբերել։

Տիգրան Ղարաջյանը նաև ընդգծեց, որ պետությունից ակնկալում են, որպեսզի «Վաբատեքս» ընկերության վարկերը վերաֆինանսավորվեն ավելի ցածր տոկոսադրույքով և ավելի երկար ժամկետով, քանի որ այդ արտադրությունը պահանջում է երկարաժամկետ լուծում։

«Պետության աջակցությունը մեզ համար նպատակային է այն մասով, նաև պետության համար, որ այն նպատակները, որի համար այս գործարանը հիմնադրվել է մեծ ներդրումների արդյունքում՝ Վանաձորում, որտեղ լուծում է ինչ-ինչ սոցիալական հարցեր, կարողանանք միջազգային շուկայում մրցունակ լինել։ Չգիտեմ, հիմա որքանով պետությունը կշարունակի դա անել, բայց նախադեպեր եղել են, երբ ներկրվող ցանցի համար տվել է արտոնություններ։ Հիմա, եթե մենք ունենք տեղական արտադրություն, ընդ որում, բարձր որակի, պետությունը պետք է զերծ մնա նման ընկերություններին ու անհատներին, որոնք զբաղվում են ներմուծմամբ, արտոնություններ տալուց։ Որովհետև սա լուրջ խնդիրներ է առաջացնում մեզ մոտ, ունենք հստակ գներ, չեն կարող մեզանից կես գին ապրանքն առնել և կրկնակի վաճառել»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է ֆերմերների այն պահանջին, որ պետությունը գյուղացիներին սուբիսդավորելու համար  գումարը պետք է տա ոչ թե բանկերին, այլ ուղիղ գյուղացուն, Տիգրան Ղարաջյանն ասաց, որ կիսում է նրանց տեսակետը, քանի որ, եթե Հայաստանում արտադրողը կա, ապա ի՞նչ կարիք կա սուբսիդավորելու բանկի տոկոսները, այն դեպքում, երբ հնարավոր է ֆերմերին ուղղակիորեն կապել անմիջապես արտադրողի հետ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել