Ավելի քան 130 տարի առաջ Ատլանտայում գնդապետ Ջոն Փեմբերթոնը, ով մասնագիտությամբ դեղագործ էր, փորձեց գլխացավի դեմ միջոց գտնել և հորինեց լեգենդար Կոկա-կոլայի բաղադրատոմսը։ 1886 թ. մայիսին Փեմբերթոնն առաջին անգամ այն վաճառքի հանեց՝ ներկայացնելով որպես «յուրաքանչյուր նյարդային խանգարման» դեմ պայքարող դեղամիջոց։ Այսօր այս ըմպելիքն ամենահայտնի ոչ ալկոհոլային խմիչքն է, որը վաճառվում է ավելի քան 200 երկրում։

Իսկ ահա ԽՍՀՄ տարածքում Կոկա-կոլան երկար ժամանակ չէր վաճառվում։ Երբ մարշալ Ժուկովը հանդիպեց Դուայթ Էյզենհաուզենին, ով Երկրորդ աշխարհամարտի տարիներին ղեկավարում էր Եվրոպայում ամերիկյան զորքերը, վերջինս հյուրասիրեց Ժուկովին Կոկա-կոլայով։ Ըմպելիքը Ժուկովին դուր եկավ, և նա խնդրեց Էյզենհաուզենին կազմակերպել դրա առաքումն իր շտաբ, սակայն միայն անգույն տարբերակով, որպեսզի վերջինս նման լիներ օղու։ Նախագահ Թրումանի միջոցով խնդրանքը հասավ Կոկա-կոլայի գործարան, որի քիմիկոսները կարողացան վերացնել գունանյութը։ Գազավորված ըմպելիքը լցրին սպիտակ կափարիչներ ունեցող պարզագույն շշերի մեջ, որոնց վրա կարմիր աստղեր տպագրեցին և առնվազն 50 արկղ ուղարկեցին Ժուկովին։

Երկու հսկաների՝ Coca-Cola-ի և Pepsico-ի միջև հարատև պայքարը առաջացել է հենց ԽՍՀՄ տարածքում։ Ի դեպ, Կոկա-կոլան պարտվեց պայքարում, քանի որ Պեպսին գովազդում էր անձամբ Խրուշչովը։ 1959 թ. Մոսկվայում կայացավ ամերիկյան ազգային ցուցադրություն, որտեղ Խրուշչովին առաջարկեցին փորձել Պեպսի-կոլա։ Վերջինս համաձայնեց և անգիտակցաբար դարձավ ընկերության գովազդային դեմքը։ Հաջորդ օրը աշխարհի բոլոր թերթերում հրապարակվեց նրա լուսանկարը, որում առաջնորդը Պեպսի էր ըմպում։

Պեպսի-կոլայի արտադրություն ԽՍՀՄ-ում սկսվեց Արևմուտքի և ԽՍՀՄ-ի միջև կոնֆլիկտային հարաբերությունների սրացման ժամանակ։ Սկիզբը դրվեց 1971 թ., երբ Պեպսի-կոլայի հիմնադիր Դոնալդ Քենդալը ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինի հետ հանդիպում ունեցավ։ Քանի որ ԽՍՀՄ-ը պայքարում էր օտարերկրյա արտադրանքի դեմ, Պեպսի անվանումը շշերի վրա գրված էր ռուսերենով։

«Այն պահին, երբ Կոկա-կոլան սկսեց արտահանել իր արտադրանքն այլ երկրներ, կարելի էր վստահորեն ասել, որ այդ երկրներում փոփոխություններ սկսվեցին։ Կոկա-կոլան կապիտալիզմի քվինտէսենցիան էր՝ պարփակված շշում»,- իր աշխատություններից մեկում ասել է Թոմ Սթենդիջը։

Համարվում է, որ «Կոկա-կոլա» ընկերության ըմպելիքներն առաջին անգամ սկսել են վաճառվել ԽՍՀՄ-ում 1980 թ. Մոսկվայի օլիմպիադայի ժամանակ։ Սակայն ամերիկացի գրող և հետազոտող Մարկ Փենդերգրասթն իր «Աստծու, պետության և Կոկա-կոլայի համար» գրքում գրում է, որ «Կոկա-կոլա» ընկերությունը փոխգործակցության պայմանագիր է կնքել ԽՍՀՄ մինիստրների խորհրդի պետական կոմիտեի հետ խաղերից դեռ 6 տարի առաջ՝ 1974 թ. հունիսին։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում Ֆանտա արտադրելու համաձայնություն ձեռք բերվեց։ Արտադրությունը սկսվեց Մոսկվայում 1979 թ. օգոստոսին, և արդեն այդ ժամանակ ապրանքանմուշներ հայտնվեցին մայրաքաղաքի տարբեր խանութներում։ Բացի Մոսկվայից՝ Ֆանտա հնարավոր էր գնել նաև Տալլինից և Կիևից։

Երբ նախագահ Ռեյգանի աշխատակազմը որոշեց բոյկոտել Մոսկվայում կայանալիք Օլիմպիական խաղերը, Կոկա-կոլա ընկերության ղեկավարությունն այդ բոյկոտին չաջակցեց՝ հայտնելով, որ, քանի որ համարվում է միջմայրցամաքային ընկերություն, չի կարող միջամտել քաղաքական խաղերին, այդ իսկ պատճառով 1980 թ. Կոկա-կոլան և Ֆանտան դարձան մոսկովյան Օլիմպիադայի պաշտոնական խմիչքները։

Հարմարավետ թղթե բաժակները հաճելիորեն զարմացրին խորհրդային սպառողներին, քանի որ այդ տարիներին տեղի առևտրային սարքավորումները գազավորված հյութերն ավտոմատ կերպով լցնում էին ապակե բաժակների մեջ, որոնք օգտագործում էին բոլորը։ Հատուկ վրանները, որտեղ 80թ. Օլիմպիադայի ժամանակ վաճառվում էին ըմպելիքները, բերվել էին Գերմանիայից, քանի որ ԽՍՀՄ-ում այդ ժամանակ նման բաներ բացարձակապես չկային։ Խաղերի ավարտից հետո վրանները՝ որպես նվեր, փոխանցեցին կառավարությանը։

1986 թ. համաձայնագիր ստորագրվեց խորհրդային կոկա-կոլայի լայն վաճառքի վերաբերյալ։ Համաձայն համաձայնագրի՝ Կոկա-կոլայի բաղադրատարրերը Ատլանտայից պետք է բերվեին Մոսկվա, որտեղ էլ վերածվեին ըմպելիքի և շշալցվեին։ Թերթերից մեկում հայտարարություն հայտնվեց, ըստ որի՝ «Արտադրված է ԽՍՀՄ-ում» գրությամբ Կոկա-կոլաների շշալցումը կսկսվեր 1987 թ. մայիսին։

Վերջիվերջո, Կոկա-կոլան հայտնվոց խորհրդային շուկայում։ 1988 թ. «Միջազգային» հյուրանոցի մեծ սրահում տեղադրվեց ԽՍՀՄ-ում առաջին՝ Կոկա-կոլայի վաճառքի սարքավորումը։

1989 թ. Մոսկվայի Պուշկինի հրապարակում հայտնվեց Կոկա-կոլայի մեծ նեոնային նշանը։ Մեծ հաշվով, այն առաջին լիարժեք գովազդն էր ԽՍՀՄ տարածքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել