Անգամ մեր օրերում ստրկության խնդիրը շարունակում է արդիական մնալ որոշ երկրներում։ Իսկ մի քանի հարյուրամյակ առաջ այդ խայտառակ պրակտիկան բացարձակապես չէր համարվում վատը և անմարդկային։ Սևամորթների վաճառքն ու տիրապետումը ոչ միայն օրինականացված էր, այլև որոշ քաղաքացիների համար պատվաբեր էր համարվում։ Ինչպես և աֆրոամերիկացիների մեծ մասը, որոնք 1800-ականներին ապրում էին ԱՄՆ-ի հարավում, մեր հոդվածի հերոսուհի Հարիետ Թաբմենը և նրա ընտանիքի անդամները ևս ստրուկներ էին, սակայն աղջիկը մշտապես երազում էր լավ կյանքի մասին և պատրաստ էր ամենի ինչի՝ ազատություն ստանալու համար։

Արամինտա Ռոսը ծնվել է 1822 թ. Մերիլենդ նահանգում, ստրուկների ընտանիքում։ Հետագայում Արամինտան անվանափոխվեց և վերցրեց Հարիետ անունը. այդպես էին անվանում նրա մորը։ 5 տարեկանում նա արդեն տնային աղախին էր աշխատում, իսկ 12 տարեկանում նրան ուղարկեցին դաշտում աշխատելու։

Մի անգամ Հարիետը որոշեց մեկ այլ ստրուկի պաշտպանել ծեծից, սակայն նրանց հսկիչն ուժգին հարվածեց աղջկա գլխին։ Հարիետն այդպես էլ չկարողացավ ամբողջապես վերականգնվել տրավմայից հետո, և կյանքի ողջ ընթացքում նրան շարունակեցին հետապնդել հանկարծակի ուշագնացությունները։

24 տարեկանում աղջիկն ամուսնացավ ազատ սևամորթ Ջոն Թաբմենի հետ։ Ձգտելով ազատություն ստանալ՝ նա ամուսնուն պատմեց իր՝ հյուսիս փախչելու ցանկության մասին։ Սակայն ամուսինը չաջակցեց նրան և սպառնաց պատմել այդ մասին տերերին։ Այդժամ Հարիետը որոշեց ինքնուրույն գործել, և 1849 թ., կողմնորոշվելով Բևեռային աստղի օգնությամբ, անտառներով հասավ հյուսիսային նահանգներ, որտեղ ստրկությունը վերացվել էր։ Սակայն հարավում մնաց նրա ընտանիքը, և կինը որոշեց վերադառնալ։

Սկզբում Հարիետը ազատեց քրոջն ու նրա երեխաներին, որոնց պատրաստվում էին վաճառել աճուրդի ժամանակ, այնուհետև ազատեց եղբորը, տարեց ծնողներին։ Այդ ժամանակ արդեն իսկ ընդունվել էր փախուստի դիմած ստրուկների մասին օրենքը, համաձայն որի՝ թույլատրվում էր փախած ստրուկներին բռնել և պահել անգամ այն տարածքներում, որտեղ ստրկությունն արգելված էր։ Սա կնոջ արարքն առավել ռիսկային էր դարձնում։

1850-ականներին Հարիետն ավելի քան 19 անգամ վերադարձավ հարավ։ Մշտապես ռիսկի տակ դնելով սեփական կյանքը՝ նա ստրուկներին ազատում էր, ինչի շնորհիվ էլ դարձավ ստորգետնյա երկաթուղով ամենահայտնի ուղեկցորդը. ուղին իրենից ներկայացնում էր անվտանգ բնակության գաղտնի համակարգ, որը նախատեսված էր սևամորթ ստրուկներին հարավից հյուսիս հասցնելու համար։

Իր արարքների համար Հարիետը բազմաթիվ խորամանակ եղանակներ էր հորինում։ Նա օգնում էր ստրուկներին փախչել շաբաթ գիշերը, քանի որ նրանց փախուստի մասին հայտարարությունները հայտնվում էին միայն երկուշաբթի, օգտագործում էր հատուկ նշաններ, փոքրիկներին քնաբեր էր տալիս, որպեսզի վերջիններս իրենց լացի ձայնով չմատնեն փախչողներին։

Հարիետին հաջողվեց ազատել տասնյակ ստրուկների։ Նա դա առավել հաճախ անում էր ձմռանը, քանի որ շուտ էր մթնում, և մարդկանց մեծ մասը նախընտրում էր տաք տնից դուրս չգալ։ Ոչ ոքի այդպես էլ չհաջողվեց բռնել ո՛չ Հարիետին, ո՛չ նրա կողմից ազատված ստրուկներին։

Քաղաքացիական պատերազմի տարիներին Հարիետը շարունակում էր ազատության համար պայքարը։ Նա որպես բուժքույր էր ծառայում մարտադաշտերում, լրտեսություն էր անում հյուսիսցիների բանակում։ Նա անձամբ էր ղեկավարում պարտիզանների ջոկատը։ Այս աշխատանքների համար նա քիչ էր վարձատրվում, իսկ երբ պաշտոնապես թոշակի անցավ, գումար էր ստանում ոչ թե իր, այլ ամուսնու՝ Նելոսոն Դևիսի՝ պատերազմի ընթացքում կատարած ծառայությունների համար։ Սակայն հարավի ստրկատերերը նրան բարձր էին գնահատում. կնոջը բռելու դիմաց նրանք առաջարկում էին 40 հազար դոլար։

Պատերազմի ավարտից հետո, երբ ստրկությունն արգելվեց ԱՄՆ ողջ տարածքում, Հարիետը վերադարձավ Նյու Յորք։ Այնտեղ նա խնամում էր ծնողներին և այլ տարեց նախկին ստրուկների։ Դրա համար նա գումար աշխատում էր իր կյանքի մասին գրված գրքից և հանրային ելույթներից։

Ազատության համար պայքարում Հարիետը արտասովոր ուժ ցուցաբերեց։ Նա ստրկատերերին ստիպեց գիտակցել, որ ստրուկները կարող են ապստամբել, իսկ ստրուկներին հույս տվեց, որի նրանք մի օր ազատության կարժանանան։ Նա ինքնուրույն փրկել է 70 մարդու, իսկ 60-ին օգնել է փախչել՝ համապատասխան կարգադրություններ տալով։

Հարիետի ժառանգներն այժմ ապրում են ԱՄՆ-ում։ Հարիետի հիշատակին հուշարձան է կանգնեցված, հուշատախտակ է բացված, անվանված են մի քանի թանգարաններ և այգիներ, իսկ նրա դիմանկարը նախատեսվում է տպագրել նոր 20 դոլարանոց թղթադրամի վրա։ Բացի դրանից՝ Հարիետի կյանքի մասին այժմ ֆիլմ է նկարահանվում։

Հարիետին են պատկանում հետևյալ խոսքերը, որոնք արդիական են նաև այսօր. «Յուրաքանչյուր մեծ երազանք սկսվում է երազողից։ Միշտ հիշեք, որ Դուք ուժ, համբերություն և համառություն ունեք աստղերին հասնելու և աշխարհը փոխելու համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել