Aysor.am-ը գրում է.

Հայաստանի գլխավոր դատախազությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան պարզաբանել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի հիման վրա կայացված Սահմանադրական դատարանի որոշումը։

«ՀՀ սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմանը տրվել են մեկնաբանություններ, որոնք հիմնված են դրա առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից:

Այսպես, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բացակայում են Սահմանադրությունից բխող այնպիսի հատուկ և անհրաժեշտ կարգավորումներ, որոնք հնարավորություն կտային գործառութային անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու ընթացքում գնահատել, թե արդյոք նրանց վերագրվող գործողությունը կամ անգործությունը բխում է կամ բխել է նրանց ներկա կամ նախկին կարգավիճակից կամ գործունեությունից, թե՝ ոչ:

Հետևաբար, այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից»:

Վերոգրյալից ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանն, ընդամենը փաստելով, որ սահմանված չէ հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում ինքնուրույն և առանձին քննարկման առարկա պետք է դառնա և որոշվի այն հարցը, թե արդյոք մեղսագրվող գործողությունները կապված են նախագահի կարգավիճակի հետ թե ոչ, առավել քան հստակ է սահմանել, որ գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է գնահատվի և լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն, ապա հարցը հետևյալն է.

Ինչպես արձանագրել է սահմանադրական դատարանը, գործառութային անձեռնմխելիությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում որպես քրեական վարույթը բացառող հանգամանք նախատեսված չէ:

Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ քրեական հետապնդումն անհամատեղելի է անձի գործառութային անձեռնմխելիության հետ, իրավասու մարմինն օբյեկտիվորեն զրկված կլինի այդ հիմքով տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ արդեն իսկ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև կալանք չկիրառելու վերաբերյալ օրինական որոշում կայացնելու իրավական հնարավորությունից, քանի որ բացակայում է նման որոշում կայացնելու դատավարական հիմքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել