Tert.am-ը գրում է.

Ստացվել է այնպես, որ այսօր ցանկացած հարց հասարակությունը բաժանում է ճամբարների՝ թշնամանքի ու ագրեսիվության եզրին։ Ամուլսարը, կոնվենցիան, դատավարությունները, Արցախը, մարտի 1-ը, Երևանի աղբը և այլն։ Գնալով ցանկը մեծանալու է։ Սա կայուն տեսակետներ չունեցող իշխանության, ինչպես նաև՝ տարի ու կես առաջ սկիզբ դրված ներքին պառակտման ու ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունքն է։ Պետության ամենակարևոր սենյակներում մշակվող սխալների հետևանքները սովորաբար պարզ և ուղիղ ազդեցություն են թողնում հասարակությունների վրա։

Ուրիշ բարդ մեխանիզմներ փնտրել պետք չէ։ Եթերից եթեր գնացող հանրային ակտիվ անվանացանկերը անում են նույնը՝ բզկտել, բարիկադավորել, բաժանել։ Ավելորդ է քննարկել, թե ինչի կհանգեցնի այս ամենը։ Գիտակից շերտերը սա արդեն մի քանի ամիս է՝ հասկացել են։ Ինչ վերաբերում է նվազ գիտակից շերտերին, ապա նրանք նման բաները հասկանում են սովորաբար երկու դեպքում՝ ա/ երբ համբերատար և հարգալից բացատրում ես ու ցույց ես տալիս այլընտրանքը, բ/ երբ իրական կյանքը այնպիսի շոկ է ձևակերպում, որից նրա ինքնապաշտպանական բնազդները արթնանում են։

Մի անզգույշ և թերևս ոչ միտումնավոր ձևակերպմամբ ժամանակակից հայ հասարակության մի զգալի հատվածին տրվեց «Պողոս» բնորոշումը։ Այնքան սահուն այս ձևակերպումը մտավ շրջանառություն և այնքան բնական այն ընկալվեց, կարծես՝ հասարակությունը հենց նման մի բանի էր սպասում։ Եթե նույնիսկ դա այդպես է, ապա էլի խիստ իռացիոնալ սպասում է։ Պողոսը անսպասելիորեն ակտիվացած ցածր իրավագիտակցությամբ քաղաքացին չէ, կամ այդ խավը չէ. նույնիսկ եթե մի փուլ էլ նա լինի դոմինանտ։ Սա մեր հասարակության մասն է, որը փաստ է, ու որը պետք է ընդունել ու որի հետ պետք է աշխատել։ Պետության համար շատ ավելի վտանգավոր է, երբ «Պողոսի» է վերածվում վերնախավը՝ քաղաքական-դատաիրավական-մշակութային- գործարար և այլն։ «Պողոսը» ոչ մի կապ չունի սոցիալական վիճակի հետ, որովհետև մենք ունենք հարուստ պողոսներ, և կապ չունի կրթական ցենզի հետ, որովհետև մենք ունենք բավականին լավ կրթությամբ՝ պողոս քաղաքացիներ։ Մենք ունենք մտավորական պողոսներ, որոնց վնասը շատ ավելի մեծ է, քան չորսամյա կրթությամբ որևէ քաղաքացու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել