Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մեծ ներուժ ներդնել Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման հարցում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Երկխոսության մեկնարկի համար 2020 թ. արտահայտված է նույն Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջին փաստաթղթում: Մեզ համար, անկախ ամենից, սա գերակայություն է: Մեզ համար գերակայություն է ոչ թե 2020 թ. ունենալ այդ երկխոսությունը, այլ ուղղակի օր առաջ: Այդ առումով մեր կողմից շատ նախաձեռնողական ենք: Այս հարցը ոչ թե ուղղակի թողել ենք Եվրամիությանը, այլ ակտիվորեն երկկողմ մակարդակով աշխատում ենք այդ երկխոսության մեկնարկը հայտարարելու ուղղությամբ: Մենք չափազանց ոգևորված ենք այն մտադրությամբ և այն հայտարարությամբ, որ հնչեցրեց ԵՄ հանձնաժողովի նախագահը: Մենք ինքներս ունենք մեր կողմից ձևավորված այդ խումբը բոլոր փորձագետների, որոնք աշխատում են այն խնդիրների շուրջ, որոնք առնչվում են միգրացիոն հարցերին, արտոնագրերի հարցերին: Մենք նպատակային աշխատում ենք մայրաքաղաքներում, որպեսզի լսենք նաև այն մտահոգությունները, որոնք կարող են լինել մեր գործընկերների կողմից: Մենք շարունակելու ենք չափազանց մեծ ներուժ ներդնել այդ ուղղությամբ, որովհետև սա շոշափելի ծառայություն է մեր ժողովրդին»,- ասաց Մնացականյանը:

Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար ավելի վաղ հայտարարվել էր 2020 թվականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել