Pastinfo.am-ը գրում է․

Լեհական Կրակով քաղաքում մի կին երեխա է ծնել ուղեղի մահից 56 օր անց: Այս մասին հայտնում է Gazeta Krakowska- ն:

Կնոջը տեղափոխել են Կրակովի համալսարանական հիվանդանոց հղիության քսաներորդ շաբաթվա ընթացքում՝ չճշտված ախտորոշմամբ. բժիշկները կասկածում էին նրա մոտ կամ գլխուղեղի անեվրիզմի պատռվածք, կամ հեմանգիոմայի պատռվածք, վիճակն ուղեկցվում էր ներգանգային արյունազեղմամբ: Նրան ծանր վիճակում տեղափոխել են մեկ այլ բժշկական հաստատությունից: Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի բժիշկ Վոժիչ Սերեդնիցկին (Wojciech Serednicki) լրագրողներին ասել է, որ կինը շտապ նյարդավիրաբուժական վիրահատության է ենթարկվել, բայց նրա վիճակը գնալով վատթարանում էր:

Հիվանդանոց ընդունվելուց մեկ օր անց բժիշկները արձանագրել են հիվանդ մոտ ուղեղի մահ: Սեդերնիցկին նշել է, որ բժիշկները չեն անցկացրել բոլոր հնարավոր թեստերը, որոնք ներառում են կոնտրաստներն ու ռենտգեն ճառագայթային հետազոտումը, որպեսզի չվնասեն պտղին: Բժիշկները ութ շաբաթ պահպանել են կնոջ օրգանիզմի կարևոր գործառույթները, որպեսզի կարողանան անվտանգ կատարել կեսարյան հատումը: Կնոջ մահճակալիմոտ էին գալիս նրա ծնողները, ամուսինն ու ընկերները, նրանք կարդում էին հեքիաթներ և երգում օրորոցայիններ:

Ըստ Սերեդնիցկու խոսքերի՝ աղջիկը ծնվել է փետրվարին: Ծնվելուց նա կշռում էր 1,3 կգ և 5 ամիս անցկացրել է հիվանդանոցում: Այժմ աղջիկը ապրում է իր հայրիկի հետ և իրեն լավ է զգում:

Կեսարյան հատման հաջորդ օրը բժիշկները զննել են մոր ուղեղը և եզրակացրել, որ ուղեղի ցողունը վաղուց մահացել է: «Լեհաստանի օրենսդրության և բժշկական էթիկայի համաձայն, մենք կարող ենք համարել, որ հիվանդը մահացել է ծննդաբերության հաջորդ օրը», - ասել է բժիշկը: Նա հավելել է, որ 27 տարվա աշխատանքի ընթացքում երրորդ անգամ է բախվում նման դեպքի, բայց առաջին անգամն է սա, որ երեխային հաջողվել է փրկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել