«Վրաստանում 2016 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած «Վրացական երազանք» կուսակցությունը 3 տարվա ընթացքում նշանակում է արդեն 3-րդ վարչապետին: Մամուկա Բախտաձեի փոխարեն վարչապետի պաշտոնում կուսակցությունն առաջադրել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի թեկնածությունը: Վերջինիս հրաժարականը, հիշեցնենք, հունիսյան ցույցերի հիմնական պահանջներից մեկն էր:
Վրաստանում նկատելի է իշխող ուժի վարկանիշի անկում՝ հունիսին այն կազմել է 26%: Ստեղծված պայմաններում վարչապետի պաշտոնում ուժայինի նշանակումը, ով ունի նաև ավելի բարձր վարկանիշ, կարելի է դիտարկել 2020 թ. Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում՝ որպես իրավիճակն առավել վերահսկելի դարձնելու փորձ:
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը չի կիսում այն կարծիքը, որ 2020 թվականի ընտրություններում «Վրացական երազանք»-ը չունի որևէ շանս մեծամասնություն ստանալու։ Նրա դիտարկմամբ՝ կադրային փոփոխությունները միտված են հենց նրան, որ կուսակցության վարկանիշը բարձրանա, ու նոր թիմով կարողանան որոշակի արդյունքների հասնել ու տնտեսական իրավիճակը կայունացնել:
«Ի վերջո՝ թվերը վատը չեն, չնայած ներդրումները իջել են՝ տնտեսական աճը կա, բայց ներքաղաքական իրավիճակն ու երկրում առկա խառը վիճակը բերել են նրան, որ լարին արժեզրկվել է, ու այդ արժեզրկման պատճառը, ըստ տնտեսագետների, հենց բացասական սպասելիքներն են, որն էլ ներքաղաքական զարգացումների արդյունքն է։ Ընդդիմությունը հասավ այն արդյունքին, որ ձևավորվեց բացասական ազդեցությունների ֆոն, որն էլ ազդեց տնտեսության վրա։ Գախարիան ինքը տնտեսական բլոկի հետ կապ է ունեցել, «Վրացական երազանք»-ի օրոք էկոնոմիկայի նախարար է եղել, 2013 թվականին այդ թիմի հետ աշխատանքը սկսել է որպես բիզնես-օմբուդսմեն ու, ըստ իս, հնարավերություն ունի ճիշտ տնտեսական քաղաքականություն կառուցելու»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Մելիքյանի՝ ունենալով կոշտ մոտեցումներ՝ նա կկարողանա ավելի կտրուկ քայլեր իրականացնել ու տնտեսությանն առնչվող հարցերը կարգավորել. «Բացի այդ, Բախտաձեն վերջին շրջանում արտաքին քաղաքականության մեջ հռետորաբանությունը փոխել էր Ռուսաստանի հանդեպ, հակառուսական բազմաթիվ հայտարարություններ էր անում, և այն ամենը, ինչ տեղի ունեցավ հունիս-հուլիս ամիսներին, ևս բացասաբար ազդեց թե՛ ռուս-վրացական հարաբերությունների և թե՛ Վրաստանի տնտեսության վրա։ Գախարիան, լինելով ավելի զգույշ քաղաքական գործիչ, ակնկալում եմ, որ կմեղմանա Ռուսաստանի հանդեպ մոտեցումը, ու դա կբերի նաև նրան, որ չվերթների արգելքը կհանվի։ Դա կլինի դրական ազդակ, տնտեսական իրավիճակը կկայունանա, բնակիչներն էլ երկրի ապագան ավելի կանխատեսելի կհամարեն։ Իմ կարծիքով՝ հնարավորություն կա 2020 թվականի հոկտեմբերին «Վրացական երազանքի» կողմից խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու, և այդ հնարավորությունը, ըստ իս, կլինի հենց Գախարիայի շնորհիվ»։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ մեր զրուցակցի՝ հայ-վրացական հարաբերությունների զարգացման դինամիկան չի տուժի. «Որքանով ես եմ տեղյակ, Գախարիան դրական կարծիք ունի Հայաստանի մասին։ Կարևոր է, որ կոնտակտ հաստատվի վարչապետների միջև, և Գախարիան էլ կփորձի նոր լիցք հաղորդել հայ-վրացական հարաբերություններին։ Միևնույն ժամանակ նշենք, որ արտաքին քաղաքականությունը Վրաստանի համար երկրորդական է դառնում, Վրաստանը ավելի լուրջ ներքին փորձությունների միջով է անցնելու, թիմի համար էլ առաջնային է ներքին խնդիրների լուծումը։ Ուստի այս փուլում այցերի հետ կապված ակտիվությունն այնքան էլ մեծ չի լինի, 2020 թվականից մեզ կարող է որոշակի ակտիվ փուլ սպասվել։ Ես ամեն դեպքում չեմ կարծում, թե երկկողմ հարաբերությունները կարող են տուժել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: