Աշխարհում ամենածեր կրիայի անունը Ջոնաթան է, և նա ապրում է Սուրբ Ելենա կղզում։ Այժմ նա 187 տարեկան է, և կղզի նրան 1880-ականներին բերել են Սեյշելից՝ որպես նահանգապետ Սուրբ Ելենային նվեր։

Հսկայական կրիաները, առհասարակ, հայտնի են իրենց երկարակեցությամբ, սակայն այնքան երկար, որքան Ջոնաթանը, դեռևս ոչ մի կրիա չի ապրել։ Կրիայի այս լուսանկարն առաջիններից մեկն է, որն արվել է 1900-ականներին։

Տարիքի հետ միասին Ջոնաթանը ստացել է կատարակտ և գրեթե ամբողջությամբ կորցրել հոտառությունը։ Սակայն, ինչպես պատմում է նրա անասնաբույժ Ջո Հոլինսը, կրիան դեռևս լավ է լսում։

«Շաբաթական մեկ անգամ ես իմ ձեռքերով կերակրում եմ նրան, որպեսզի նա լավ յուրացնի կալորիաները։ Ուտելուց հետո մաքրում եմ նրա կզակը, կոկորդը և մաղթում եմ ամենայն բարիք»,- ասում է Ջոն։

Երբ կրիայի տարիքն անցավ 150-ը, Ջոնաթանը, ինչպես և շատ տարեց մարդիկ, սկսեց առավել մռայլ դառնալ։ Նա շրջում էր նահանգապետի առանձնատան աթոռները, խանգարում էր կղզու բնակիչներին կրիկետ խաղալ։

Անասնաբույժները որոշեցին, որ Ջոնաթանին կփրկի միայն իրական սերը, և 1991 թ. նրա համար մի քանի ընկերուհի բերեցին՝ Ֆրեդերիկա, Էմմա և Միրթլ հսկա կրիաներին։ Ջոնաթանին ամենից շատ դուր եկավ Ֆրեդերիկան, և նրանք անբաժան դարձան։

«Ջոնաթանն ու Ֆրեդերիկան ամեն ինչ միասին էին անում. քնում, ուտում, զուգավորվում էին միասին»,- պատմում են անասնաբույժները։

Կղզու բնակիչների մոտ հույս ծագեց առ այն, որ շուտով Ջոնաթանն ու Ֆրեդերիկան փոքրիկ կրիաներ կունենան և կօգնեն վերականգնել իրենց պոպուլյացիան, ինչպես մի ժամանակ արել է կրիա Դիեգոն։ Սակայն տարիներն անցնում էին, իսկ կրիաները երեխաներ չէին ունենում։ Ֆրեդերիկան հիվանդացավ, և երբ անասնաբույժները փորձեցին բուժել կրիային, անսպասելի բացահայտում կատարեցին. Ֆրեդերիկան իրական «Ֆրեդ» էր։

Բանն այն է, որ կրիաները սեռական ակնհայտ տարբերություններ չունեն, ինչպես, օրինակ, կատուներն ու շները։ Այս կենդանիների սեռը որոշվում է փորի կառուցվածքով և պատյանի տեսքով, այդ իսկ պատճառով տարբերակել՝ կրիան էգ է, թե որձ, բավականին դժվար է։

Անասնաբույժները Ֆրեդերիկային ավելի մանրակրկիտ զննության ենթարկեցին և հայտնեցին, որ կրիան, ամենայն հավանականությամբ, որձ է։ Սակայն նրանք չեն բացառում սխալվելու հավանականությունը։ Եթե անասնաբույժները չեն սխալվում, ապա գաղտնիքն այն բանի, թե սիրահար կրիաներն ինչու երեխաներ չէին ունենում, բացահայտված է։

Իհարկե, անհայտ է, թե սրան ինչպես են վերաբերվում տեղի բնակիչները։ Նախորդ տարի կղզում օրենք ընդունվեց, որը թույլատրում էր միասեռական ամուսնությունները, սակայն այն անհապաղ չեղարկվեց, քանի որ չընդունվեց բնակիչների կողմից։

Ամենատարեց կրիային կղզում հարգում են բոլորը։ Ջոնաթանն անգամ պատկերված է տեղական մի քանի դրամների և զբոսաշրջիկների համար նախատեսված հուշանվերների վրա։ Նա նաև հայտնի է համացանցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել