«Մեծ մարդկանց կյանքը նման է լինում առասպելի՝ դժվար, սակայն գեղեցիկ»,- գրել է Յանուշ Քոչակը։ Նա դեռևս չգիտեր, որ ինչ-որ մի օր այդ բառերը կիրառելի կլինեն նաև իր համար։ Նա գրող էր, մանկավարժ, ում գրքերը երեխաներին մինչ օրս երջանկացնում են և հիմնային են նրանց դաստիարակության համար։ Ձեզ ենք ներկայացնում բոլորի կողմից սիրված այդ մարդու կյանքի պատմությունը։

Էրշ Հենրիկ Հոլդշմիտը, ով հետագայում դարձավ Յանուշ Քորչակ, ծնվել է 1878 թ. հուլիսի 22-ին լեհ հրեաների մտավորական ընտանիքում։ Դեռահասության տարիքից նա ստիպված է եղել աշխատել, քանի որ հայրը հոգեկան հիվանդությամբ էր տառապում։ Վերջինիս հիվանդանոցում պահելու համար մեծ գումարներ էր հարկավոր, իսկ մայրը դեռ պետք է կարողանար կերակրել Էրշի փոքր քրոջը՝ Հենրիկա Աննային։

Դեռ գիմնազիայում սովորելու տարիներին դեռահաս Էրշը մտածում էր, որ երեխաների հետ հարկավոր է առավել անկեղծ, հարգալից ու քնքուշ լինել։ Ավելի ուշ նա սկսեց զբաղվել դրանով՝ հրեա երեխաների համար մանկատուն հիմնելով՝ մինչև կյանքի վերջն այդ երեխաների կողքին մնալով։

1911 թ. Հոլդշմիտը բացեց «Որբերի տունը»։ Նրա նորարարական գաղափարները կառույցը առանձնացրին մյուս մանկատներից, որոնք երեխաներին տալիս էին միայն տանիք ու ուտելիք։ «Մյուս մանկատները հանցագործներ են մեծացնում»,- ասում էր Էրշը։ «Որբերի տունը» ծնողազուրկ երեխաներից արժանավոր մարդիկ էր կերտում՝ շեշտը դնելով երեխաների հոգևոր և մտավոր դաստիարակության վրա։

Հոլդշմիտի օթևանը նման էր մանկական կառավարում ունեցող փոքրիկ հանրապետության։ Միայն պատկերացրեք, մանկական ընկերական դատարաններ, հանրաքվեներ, որոշումների իրագործում։ Էրշը երեխաներին մանուկ հասակից սովորեցնում էր մարդասիրություն և զարգացնում էր նրանց ինքնագիտակցությունը։

«Որբերի տանն» աշխատելու ժամանակ Հոլդշմիտը հրապարակումներ էր կատարում լրագրերում, լեկցիաներ ընթերցում և գրքեր գրում։ Նրա գրական կեղծանունները տարածում էին գտնում ողջ աշխարհում՝ գրող Յանուշ Քորչակ կամ Ծեր բժիշկ։ Նա արագ հայտնիություն ձեռք բերեց, մինչև որ վրա հասավ չարաբաստիկ պատերազմը։

Քորչակի համար անտանելի էին Հիտլերի գաղափարները. «Ես ոչ ոքի վատը չեմ ցանկանում, չգիտեմ, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է նման բան անել»,- ասում էր նա։ Շրջափակված Վարշավայում նա քայլում էր լեհ սպայի համազգեստով, մինչև որ դա սկսեց վտանգ ներկայացնել «Որբերի տան» համար։ Ծեր բժիշկն այլևս չէր կատակում ռադիոյով։ Այժմ նա երեխաներին պատմում էր ինչպես ողջ մնալ։

Նրա գործունեությամբ հետաքրքրված մարդիկ հաճախ առաջարկում էին Քորչակին հեռանալ շրջափակված երկրից, նրա համար նոր փաստաթղթեր էին կազմում, վտանգավոր վայրերից հետու բնակարաններ գտնում, սակայն Քորչակը չէր կարողանում թողնել երեխաներին։ Նա դա չարեց անգամ այն ժամանակ, երբ ողջ «Որբերի տունը» անասունների համար նախատեսված վագոններով ուղարկեցին Տրեբլինկի համակենտրոնացման ճամբար։ Այս վայրը Օսվենցիմից հետո երկրորդ «մահացու» ճամբարն էր. պատերազմը տարիներին այստեղ պատժել են 750-810 հազար մարդու։

Ծեր բժիշկը հասկանում էր, թե ինչու են նրանց այդտեղ տանում։ «Սեփական երեխային չես կարող թողնել դժբախտության, հիվանդության, վտանգի մեջ։ Իսկ այստեղ ես 200 երեխա ունեի։ Ինչպե՞ս նրանց թողնեի գազային խցում»,- պատասխանել է Քորչակն իր կյանքը փրկելու առաջարկին։

«Սկսվեց երթ, որի նմանը մինչ այդ երբեք չէր եղել։ Երեխաները չորս-չորս շարվել էին։ Առջևում Քորչակն էր՝ սուր հայացքով, երկու երեխայի ձեռքերը բռնած։ Անգամ ոստիկանությունը նրա դիմաց զգաստ կանգնած էր ու պատիվ էր տալիս։ Երբ գերմանացիները տեսան Քորչակին, հարցրին. «Ո՞վ է այս մարդը»։ Ես այլևս չկարողացա ինձ զսպել. արցունքները հոսեցին աչքերիցս, և ես դեմքս փակեցի ձեռքերով»,- պատմում է ականտես վկա, պատմաբան Էմանուել Ռինգելբլյումը։

Մահապարտների այդ խմբից ոչ ոք չի փորձել փախուստի դիմել, գոռալ։ Քորչակն ու շուրջ 200 երեխա կամավոր մտան գնացք, չնայած որ վերջին պահին գերմանական հրամանատարությունը հրապարակայնորեն առաջարկեց փրկել նման տաղանդավոր մարդու կյանքը։ Ցավոք, չմնաց որևէ մեկը, ով կկարողանար պատմել հանճարի կյանքի վերջին վայրկյանների մասին։ Անգամ մահվան օրը՝ 1942 թ. օգոստոսի 7-ը պայմանական է։ Մի ժամանակ շշուկներ էին պտտվում, որ Քորչակն ու երեխաները փրկվել են, սակայն դա ոչ մի ապացույց չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել