ԱՄՆ հաղորդակցման դաշնային հանձնաժողովը ստուգել է Apple-ի և Samsung-ի որոշ սմարթֆոններ այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Chicago Tribune թերթի կողմից անցկացված թեստի արդյունքում պարզ է դարձել, որ դրանց ճառագայթման աստիճանը գերազանցում է նորման։

Թերթը դիմել էր Կալիֆոռնիայի ռադիացիոն թեստավորման լաբորատորիա և պարզել, որ iPhone 7-ը և iPhone 8-ը, ինչպես նաև Galaxy S8-ը, Galaxy S9-ը և Galaxy J3-ը թույլատրելիից բարձր ճառագայթում ունեն։

Չափազանց մեծ ռադիացիա գրանցվել է հատկապես այն թեստերի իրականացման ժամանակ, որոնց ընթացքում հեռախոսը մարմնից գտնվում է 2 մմ հեռավորության վրա՝ հեռախոսազրույցի ժամանակ կամ գրպանում։

Chicago Tribune-ը հարյուրավոր հասանելի մոդելներից թեստավորել է միայն 11 տեսակի սմարթֆոն։

Մինչ օրս անհայտ է՝ սմարթֆոնների ճառագայթումն առողջությանը որևէ վնաս հասցնո՞ւմ է, թե՞ ոչ։ Ոմանք անհանգստանում են՝ մտածելով, որ երեխաները ռադիացիայի առավել մեծ չափաբաժին են ստանում, քան տարեց մարդիկ, քանի որ սմարթֆոններից օգտվում են ողջ կյանքի ընթացքում, սակայն իրականում բջջային հին հեռախոսները ևս ռադիացիա էին ճառագայթում և օգտագործվել են սմարթֆոններից առաջ։

Apple ընկերությունը հայտնել է, որ լրագրողների կողմից անցկացված թեստը չի համապատասխանում Apple-ի թեստավորման ստանդարտներին, և որ նրանք խախտել են բոլոր պայմաններն ու նորմերը։ Նույն հայտարարությամբ հանդես է եկել նաև Samsung-ը՝ ընդգծելով, որ արդյունաբերության մեջ կիրառվող բոլոր թեստերը ստանդարտ են, այդ իսկ պատճառով չեն կարող տարբեր արդյունքներ տալ։

Սակայն լաբորատորիան, որտեղ անցկացվել են Tribune-ի թեստերը, Հաղորդակցման հանձնաժողովի կողմից լիցենզավորված է էլեկտրոնային սարքերի ռադիոհաճախականության ճառագայթման թեստավորում անցկացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել