Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Քայա Հերբերը, որի 18 տարին լրացել է սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ հայտնվել է Vogue նորաձեւության հանդեսի բրիտանական տարբերակի շապիկին: Նրա լուսանկարները հայտնվել են հրատարակության ինստագրամյան օգտահաշվում:
Հանդեսի հոկտեմբերյան համարի համար աղջիկը նկարահանվել է սեւ-սպիտակ բծավոր հագուստով եւ նույն այդ կտորից պատրաստված ծավալուն գլխարկով: Ոճաբանները մոդելի կերպարը համալրել են մարգարիտով զարդարված մեծ ականջօղերով:
Մյուս լուսանկարներում Հերբերը կեցվածք է ընդունել սեւ ցանցկեն տոպով, որը հագել է մերկ մարմնի վրա, եւ Comme des Garcons-ի թիկնոցով:
«Վերջին մի քանի սեզոնների ընթացքում մոդելը, որը հարթակների մշտական ֆիգուրանտն է եւ Սինդի Քրոֆորդի դուստրը չարաճճի երեխայից վերածվել է նորաձեւության աշխարհի գլխավոր հայտնիներից մեկին»,- լուսանկարին կից գրության մեջ հայտնել են օգտահաշվի ադմինիստրատորները: Նոր թողարկման մեջ Քայա Հերբերը պատմում է թվային աշխարհում իր մեծանալու, հրապարակայնության եւ այն մասին, թե ինչպես է դարձել նոր սերնդի դեմքը:
2018 թվականի ապրիլին Chanel ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավը, որում նկարահանվեց այն ժամանակ դեռ անչափահաս Քայա Հերբերը, առաջացրեց սոցցանցերի օգտատերերի բացասական արձագանքը: Ոմանք աղջկան համարեցին չափազանց երիտասարդ, իսկ բրենդի հագուստը՝ նրա տարիքի համար չափազանց բաց: