Գևորգ Թամամյանը բժշկական համայնքի անունից ոչնչացրեց Արսեն Թորոսյանին: Համարեք, որ Հայաստանն այլևս առողջապահության նախարար չունի:

Արսեն Թորոսյանը փորձարկում էր Հայաստանի առողջապահության համակարգի ներկայացուցիչների նյարդերը, իսկ Թամամյանի ազատումը վերջին կաթիլն էր։ Թամամյան Գևորգն այսօր շատ օգտակար գործ արեց․ ինքը բարձրաձայնեց Հայաստանի բժշկական համայնքում շուրջ մեկ տարի կուտակված խնդիրները, որոնք հասունացել են պոպուլիստ ու շոումեն նախարար ունենալու արդյունքում։

Թամամյանի այն միտքը, որ Արսեն Թորոսյանն ատում է բոլոր կայացած բժիշկներին, և նա չի կարող առողջապահության նախարար լինել, համապարփակ ամփոփումն է այն իրադրության, ինչի մեջ այսօր հայտնվել է Արսենը ու իր հետ նաև ողջ առողջապահական համակարգը։

Պոպուլիզմով երկար չես թռչի։ Թորոսյանը չի կարողանում հասկանալ այս պարզ ճշմարտությունը, իսկ լավագույնները չեն լռելու։ Այսօրվա կատարվածը դեռ միայն ծաղիկներն են, ցավոք սրտի։

Հ.Գ. Նախարարի պաշտոնը զբաղեցնելը հաճախ պահանջում է ոչ միայն լինել լավ կառավարիչ, այլև լավ առաջնորդ, ում խոսքն ու գործը ոչ միայն ի պաշտոնե են կատարում, այլև սիրով կամ առնվազն հարգանքով։ Իսկ սա հնարավոր է միայն մեկ դեպքում, երբ դու ինքդ՝ որպես ղեկավար ու առաջնորդ, որոշումներ կայացնելու ճանապարհին ոչ թե փորձում ես հեռու վանել պրոֆեսիոնալ մասնագետներին ու ոլորտի առաջատարներին, ինչ է, թե նրանք կայացած են, սիրված, հարգված, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ, այլ բոլորովին հակառակը՝ հնարավորինս նրանց ևս ներառել որոշումների կայացման գործընթացում, վստահել, ՉՎԱԽԵՆԱԼ՝ մտածելով, որ քեզնից լավերը կգրավեն տեղդ։ Լավ ղեկավարն ու առաջնորդը գիտի այս պարզ ճշմարտությունը․ եթե ուզում ես առաջ գնալ ու տանել հետևիցդ, ուրեմն՝ պետք է առաջ տանես ու բարձրացնես մյուսներին։ Հիմա գուշակեք, թե ինչպիսի նախարար է Թորոսյանը։ Այսօրվա ասուլիսից Արսեն Թորոսյանի փախուստն էլ սրա վառ ապացույցն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել