«Վրաստանում հրաժարական է ներկայացրել այդ երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ հայտարարելով, որ իր առաքելությունը համարում է ավարտված:

Բախտաձեն այդ պաշտոնում էր հայտնվել նախորդ տարվա հունիսին, երբ Վրաստանում եղան հանրային հուզումներ, որոնք վերաճել էին իշխող «Վրացական երազանքի» հանդեպ դժգոհության: Իրավիճակը լիցքաթափվեց վարչապետի փոփոխությամբ: Միաժամանակ, բոլորի համար է ակնառու, որ Վրաստանի դե ֆակտո ղեկավարը «Վրացական երազանքի» առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է: Ըստ այդմ հարց է առաջանում՝ Վրաստանում վարչապետների փոփոխությունն արդյոք որևէ կերպ նշանակելո՞ւ է Վրաստանի պետական քաղաքականության փոփոխություն: Որովհետև այդ իմաստով է, որ Հայաստանի դիտանկյունից քննարկման կարիք ունի հարցը:

Անցնող մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Վրաստանի նոր վարչապետների միջև ձևավորվել էր բավականին լավ հարաբերություն, որն արտահայտվում էր թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական ֆորմատի հանդիպումներում: Հիմա, երբ Վրաստանում լինելու է նոր վարչապետ, Հայաստանը և հայ-վրացական հարաբերությունը պետք է ադապտացվե՞ն նրան, թե՞ խնդիրը լինելու է պարզապես անձնական ծանոթությունը, իսկ քաղաքականությունը գծված է այլ մակարդակում՝ Բիձինա Իվանիշվիլիի:

Այդ տեսանկյունից, ի դեպ, պետք է արձանագրել, թե արդյոք Հայաստանի նոր իշխանությունն այս անցնող մեկուկես տարվա ընթացքում ունեցե՞լ է շփում Իվանիշվիլիի՝ Վրաստանի դե ֆակտո առաջնորդի հետ: Դա բավականին կարևոր է՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակում է հայ-վրացական հարաբերության հեռանկարը: Ի վերջո, այդ հարաբերությունն ունի ոչ միայն երկկողմ, այլև ռեգիոնալ և միջազգային էական նշանակություն, որովհետև Կովկասի անվտանգության համակարգը կա՛մ կառուցվելու է հայ-վրացական առանցքում՝ դրա շուրջ Արևմուտք-Ռուսաստան պայմանավորվածությամբ, կա՛մ ռուս-թուրքական առանցքում, որտեղ պայմանավորվածությունները լինելու են Հայաստանի և Վրաստանի հաշվին, ոչ թե նրանց շուրջ: Կա՞ այդ թեմայով հայ-վրացական լայն երկխոսություն իշխանությունների մակարդակում, և ի՞նչ ընկալում ունի այդ երկխոսությունը Վրաստանի իրական իշխանության՝ Իվանիշվիլիի մակարդակում: Այդ պատկերի ֆոնին պարզ կլինի, թե Վրաստանում վարչապետի փոփոխությունն ինչ խնդիր է պարունակում Հայաստանի համար կամ ինչ հնարավորություն, կամ ընդհանրապես՝ ինչ է ենթադրում հայ-վրացական հարաբերության տեսանկյունից:

Հատկանշական է այն, որ փոփոխությունը տեղի է ունենում կարծես թե ներքաղաքական կայունության պայմաններում: Ավելին, այն շրջանում, երբ Վրաստանում հանրային մեծ հուզումներ և ոստիկանության հետ բախումներ էին հայտնի հակառուսական տրամադրությունների և աղմկոտ պատմության շրջանակում, վարչապետի պաշտոնանկություն, անգամ ներքին գործերի նախարարի պաշտոնանկություն չեղավ, իսկ այժմ, երբ ամեն ինչ կարծես թե հանդարտվել է, տեղի է ունենում վարչապետի փոփոխություն, իսկ հավանական փոխարինող է դիտվում հենց ներքին գործերի նախարարը: Դա նշանակում է, որ այդուհանդերձ խորքային, այսպես ասած՝ քաղաքական կուլիսների մակարդակում զարգացել են լուրջ գործընթացներ: Որքանո՞վ է Երևանը տիրապետում դրանց, և Վրաստանի վարչապետի հրաժարականի մեջ կա՞ն արդյոք անակնկալներ Հայաստանի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել