Երեխաների դաստիարակությունը, որում հիմնական դերը ստանձնում է մայրը, դեռևս ավանդական ու սկզբունքային երևույթ է շատ ընտանիքներում:

Տղա երեխաների դեպքում դա իսկապես այդպես է. մայրերի դերը չափազանց կարևոր է, սակայն աղջիկների դեպքում շատ անելիքներ ունեն հայրերը:

Ինչքան էլ որ մայրերը փորձեն, չեն կարողանա փոխարինել դուստրերի կյանքում առաջին, հաճախ նաև ամենակարևոր տղամարդուն՝ հորը:

Հայրը մեծ դեր ունի դստեր էմոցիոնալ զարգացման մեջ

Հոր ուշադրությունն ու անկեղծ սերը դստերը տալիս են հարմարավետության և պաշտպանվածության զգացում, սեփական ուժերին վստահություն: Սա ուղղակիորեն ազդում է նաև կանացիության, ինքնագնահատականի և հաջողության վրա:

Սիրող հոր համար դուստրը միշտ ամենա-ամենան է, նրա գլխավոր հպարտությունն ու հոգու լույսը: Հոր սերը զգալով՝ դուստրը մեծանում է և իրեն համարում արժանի ուշադրության, խնամքի և սիրո: Այս դեպքում աղջիկն ավելի քիչ վախեր է ունենում:

Ինչու՞ է հայրը կարևոր պրակտիկ տեսանկյունից

Հոր և դստեր փոխահարաբերություններից են մեծապես կախված արդեն հասունացած աղջկա հոգեբանությունն ու վարքագիծը, հարաբերություններն ուժեղ սեռի այլ ներկայացուցիչների հետ, կողակցի ընտրությունը:

Այսպես, եթե աղջկա հայրը դաստիարակության գործում ներկա չի լինում, ապա մեծ է հավանականությունը, որ մեծանալուց հետո նա այլ տղամարդկանց ևս «օտար» է համարելու:

Հայրերը պետք է մասնակցեն դուստրերի դաստիարակությանը հենց սկզբից

Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ այն հայրերը, որոնք երեխաներին իրենց գիրկն են առնում ծնվելուց անմիջապես հետո, հետագայում շարունակում են սիրով խաղալ նրանց հետ և հոգ տանել նրանց մասին:

Հոգատար հոր կերպարը կապվում է ընտանիքի զարգացման հետ: Այն երեխաները, որոնց դաստիարակությանն ակտիվորեն մասնակցել են հայրերը, մտավոր զարգացվածության թեստերում առավել բարձր արդյունքներ են գրանցել: Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ այդպիսի երեխաներն առավել պատասխանատու և շփվող են լինում:

Հայրերի և դուստրերի՝ վաղ տարիքում ձևավորված ամուր կապը նպաստում է դուստրերի՝ հասունացման փուլն ավելի հեշտ հաղթահարելուն: Վերջիններս հեշտությամբ են ծանոթանում կյանքի բարդ կանոններին և արագ լեզու են գտնում այլ տղամարդկանց հետ:

Երկու ծնողներն էլ կարևոր դեր ունեն երեխայի կյանքում

Երեխաները շատ բան են սովորում՝ նայելով ծնողներին: Տեսնելով մոր հարաբերությունները հոր հետ՝ աղջիկները առաջին փորձն են ձեռք բերում տղամարդու հետ շփման:

Հայրերը մայրերի հետ պիտի իրենց դրսևորեն այնպես, ինչպես դուստրերի հետ, քանի որ, որպես կանոն, աղջիկները կողակից ընտրում են այնպիսի տղամարդկանց, որոնք բնավորությամբ նման են լինում իրենց հայրերին:

Հայրերի հազվադեպ տրվող գովասանքները երեխաների կողմից առավել ադեկվատ են ընկալվում, այդ իսկ պատճառով հայտնվում են առաջին պլանում և երկար ժամանակ պահպանվում են հիշողության մեջ: Հայրերը պետք է նշեն դուստրերի հաջողությունները, հպարտանան նրանցով, ուրախանան նրանց հաղթանակներով՝ չմոռանալով առողջ քննադատության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել