Անդրադարձս աշխարհահռչակ շանսոնյեի հորաքույրներին պատահական չէ: Կարդացի կայքերից մեկում, թե արվեստն Ազնավուրների ընտանիքում դրսևորվեց միայն Շարլի և քրոջ կենսագրություններում... Մինչդեռ Ազնավուրյանները մինչ Շարլի հայտնությունն արդեն ազգային բեմարվեստում իրենց ներկայությունն ունեին: Շարլի երկու հորաքույրն էլ նշանավոր դերասանուհիներ էին, ՀՍՍՀ ժողովրդական արտիստներ:
ԱՍՏՂԻԿ ԵՐԱՄՅԱՆ-ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ - ծնվ. 1896 թվականին: Բեմական գործունեությունը սկսել է 1911 թվականից, եղել Բաքվում գործող Հովհաննես Զարիֆյանի թատերախմբի առաջատար դերասանուհի: 1915-ից Թիֆլիսի դրամա-օպերետային թատերախմբի առաջատար երգչուհի-դերասանուհիներից էր, կատարել է առաջատար դերերգեր մի շարք նշանավոր օպերետներում, երգել է Անուշ՝ Տիգրանյանի համանուն օպերայում: 1926 թվականին ձայնը մշակել է Փարիզում: 1928-ին դարձել է ՀԽՍՀ Երկրորդ պետական թատրոնի՝ այժմ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դերասանուհի: 1930-1949 թվականներին եղել է Բաքվի՝ իր ամուսին Լևոն Երամյանի անունը կրող հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի: 1949-1962 թվականներին՝ Գյումրու թատրոնի դերասանուհի:
Վախճանվել է 1979-ին, թաղված է Գյումրու քաղաքային գերեզմանատան պանթեոնում:
ԱՐՈՒՍ ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ - ծնվ. 1904 թվականին: Բեմական գործունեությունը սկսել է Թիֆլիսում՝ Փառանձեմ բեմական կեղծանվամբ: Մինչև 1930 թվականը մասնակցել է տարբեր դրամատիկական և օպերետային թատերախմբերի աշխատանքներին, կատարել նաև օպերետային դերերգեր: 1930 թվականից ՀԽՍՀ Երկրորդ պետթատրոնի՝ այժմ՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դերասանուհի էր:
Նկարահանվել է «Արևիկ», «Պատանության ափ», «Աշնան արև», «Հին օրերի երգը» և այլ ֆիլմերում:
Վախճանվել է 1989 թվականի փետրվարի 13-ին: Թաղված է Գյումրու քաղաքային գերեզմանատան պանթեոնում՝ ամուսնու՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փաշայանի և մոր՝ Հայկանուշ Ազնավուրյանի կողքին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել