1991 թվականին ընդունելության առաջին քննությունից ստացա 18: Մեր հարևանուհին (հա՛, հա՛, էն օյին կինը) եկավ մեր տուն, ձեռքերը խաչեց կրծքին, թե` ասում են, առանց ի փող չելնի: Մամաս ձայն չարեց:
Երկրորդ քննությունից էլ 18 ստացա: Եկավ, թե` ասում են, որ ամեն «աչոկին» մե հազար կուզեն: Էլի լռեցինք:
Երրորդ քննությունից 15 ստացա: Այդ երեկո մեր տուն չեկավ: Եկավ առավոտյան, մի երկու րոպե լուռ նստեց, սուրճի բաճակը վերցրեց, մեղավոր մի հայացք գցեց վրաս, թե` ասում են, էս տարի խելոք էրեխեքը ընդունվում են:
Ոնց հաշվել էր, մեր ընտանեկան բյուջեից 51 հազար ռուբլի հանել չէր կարողացել:

Որ ֆինանսապես այդքան էլ լավ չէինք մի շրջան, ոչ մի կերպ չէր հավատում: Մեկ-մեկ կմտներ, թե` մե կտոր պանիր տվեք, մերը պադվալումն ա, խավես չունեմ գնամ բերեմ կամ էլ` մեր ալիրը մեշոկովն ա, մի բաժակ ալիր տվեք: Քույրս էլ այդ տարի ընդունվեց մանկավարժական: «Ըհըն, - ձգեց նորից, - սաղ փողեր տարար, աղջկադ ընդունվել տըվիր»: Մի քանի օրից էլ եկավ հարյուր դոլար պարտքով ուզելու: Մամաս երկար նայեց, հետո բա` ջանս, մեր դոլարները հազարանոց են, չեմ կարող մանրել, կներես:

Ամուսինն էլ ընդունվելուցս հետո ասեց` այ բալա ջան, մեր տեխնիկումումը քո ֆակուլտետիցը չկա՞ր, որ գնացիր հասար Երևան: Ասում եմ` չէ, չկար: Ընդեղարանք ըզգույշ կըլնես` տմբտմբացրեց գլուխը: Ըհը, անպայման` գլխով արեցի ես: Բայց դե մի հատ արժեր տեխնիկում գնալ` եզրափակեց ափսոսանքով:

Հարևաններից մեկի դռան կողպեքը «սեյֆի բանալու» պես էր. անցքն այնքան մեծ էր, որ բանալին կողպեքի մեջ, ամբողջ միջանցքի անցուդարձը երևում է: Էս մեր օյին հարևանուհին էլ ուշի-ուշով հետևում է` ով եկավ, ինչ բերեց, երբ քնեցին, երբ արթնացան: Մի օր սիրտը չի դիմանում. «Քա դու խիղճ ունե՞ս: Շատ էլ մեջքդ ցավում ա, սաղ օր պառկած` մարդդ ա ավել անում»: Կողպեքը փոխելուց հետո` ինձի ինադու արեցիք, խասկըցա:

Մեկ ուրիշի տանը վերանորոգում է, վարպետները տանտիկնոջն ասում են, որ կողքի մուտքից Կոզյոլին կանչի (բանվոր տղա էր, ածականը` Կոզյոլ): Սա, ռուսերենի ելևէջներից անտեղյակ, գնում, ծեծում է սրանց դուռը: Տղան դուռը բացում է, սա` Կոզյոլ ջան, քեզի մեր տան բանվորները կկանչեն, արի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել