Ես մի քանի ամիս առաջ հոդված էի տեղադրել, որի շարժառիթը դարձել էր այն փաստը, որ վրացական կայքը ֆոտոնկար էր տեղադրել, թե ինչպես են Միխեիլ Սաակաշվիլին ու վրացի նախարարները հեծանիվով գնում աշխատանքի: Դրանից հետո ես Ֆեյսբուքի բազմաթիվ օգտատերերից ստացա իրար հակասող քոմենթներ. մի մասը համարում էր, որ այդ արարքը շոու է, իսկ մյուս մասը, ընդհակառակը, համարում էր, որ դա շատ ճիշտ է երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի վերականգնման համար: Վերջինիս կողմնակիցները պատճառաբանում էին հետևյալ կերպ` այսօր շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ժողովրդի հետ չշփվելու նպատակով պատսպարել են իրենց ամեն տեսակի արգելքներով և հեծանիվով նրանց աշխատանքի գնալը ժողովրդին հնարավորություն կտար հանգիստ շփվել իրենց երկրի պետական այրերի հետ: Իհարկե, ես այստեղ ունեմ մի փոքր վերապահում. հարգելի նման կերպ մտածողներ, նույնիսկ եթե վերևից հրաման լիներ, որ չինովնիկները պետք է քաղաքում շրջեն միայն հեծանիվներով, դուք այդ դեպքում էլ հնարավորություն չէիք ունենալու շփվել նրանց հետ, քանզի այս դեպքում հեծանիվով գործի գնացող երևելի այրին կուղեկցեին նույնպես հեծանիվների վրա նստած իր թիկնապահները... Սա է մեր մենթալիտետը, սա է մեր իրականությունը, սա է այն կարծրատիպը, որը անհապաղ անհրաժեշտ է կոտրել: Կես կատակ, կես լուրջ եկեք մի պահ պատկերացնենք, որ եթե ինչ-ինչ պատճառներով մեր չինովնիկները ստիպված լինեին աշխատանքի գնալ հեծանիվներով, ի՞նչ զգացումներ նրանք կապրեին: Հարգելի ընթերցող, ես չգիտեմ Դուք ոնց, բայց անձամբ ես այդ տեսարանը պատկերացնելիս սկսեցի բարձրաձայն ծիծաղել, քանզի աչքիս առաջ եկավ նրանցից շատերի տվայտված դեմքերը:
Հ.Գ. Ես քաջ գիտակցում եմ, որ չի կարելի մի ծայրահեղությունից անցնել մյուս ծայրահեղությանը, այսինքն` ես համաձայն եմ, որ կան այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ազգային անվտանգության տեսակետից նպատակահարմար չէ պաշտպանված չլինել, բայց ես հակված եմ այն մտքին, որ կան նաև միջին կարգի պաշտոնյաներ, որոնց հատուկ պաշտպանված լինելու անհրաժեշտությունը ուղղակի չկա, եթե հաշվի առնենք գործունեության շրջանակները: Եվ վատ չէր լինի, որպեսզի գոնե այդ միջին կարգի չինովնիկները չօգտվեին պետական ավտոմեքենաներից և նրանց հասանելիք վառելիքից: Չէ՞ որ այսօր մեր տնտեսությունն այնպիսի ծանր վիճակում է գտնվում, որ ամեն մի լուման նշանակություն ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել