Նախօրեին Նինոծմինդա քաղաքում ձերբակալվել է ջավախքահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը՝ Արմեն Չախալյանը: Այս տեղեկությունն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
Խոսելով ձերբակալության պատճառների մասին՝ նա ասաց, որ Նինոծմինդա քաղաքում հայերի մեջ ծեծկռտուք է սկսվել, որին, սակայն, Արմեն Չախալյանը ներկա չի եղել: Վերջինս մասնակցում էր իր հարազատներից մեկի ծննդյան տարեդարձին: Նրան են զանգահարել ծեծկռտուքի մասնակիցները և խնդրել, որ գա ու հանդարտեցնի իրավիճակը: Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝ Արմեն Չախալյանն այնտեղ մեծ հեղինակություն ունի, և նա սովորաբար կարողանում է հարթել նմանատիպ վիճաբանությունները: Երբ Ա. Չախալյանը եկել է դեպքի վայր, այնտեղ է եղել Հատուկ նշանակության վաշտը և ձերբակալել մոտ 30 մարդու:
Մեր զրուցակիցը նշեց, որ ծեծկտտուքի մասնակիցները միայն հայեր էին և դեռևս 18 տարին չբոլորած անձինք:
Մեր հարցին՝ ինչո՞ւ են ձերբակալել հենց Արմեն Չախալյանին, Առնոլդ Ստեփանյանը պատասխանեց. «Մի քանի պատճառ կարող է լինել, առաջինը՝ բոլորը գիտեն, որ նա Վահագն Չախալյանի եղբայրն է, և այդ կերպ փորձ է արվում խոչընդոտել նրա քաղաքական գործունեությանն ու ակտիվությանը, երկրորդ՝ Չախալյանը դատի է տվել Սաակաշվիլիին, իսկ նրան ձերբակալողները Սաակաշվիլիի ժամանակաշրջանից ի վեր չեն փոխվել, ավելին՝ տեղեկություններ կան, որ նրանցից մի քանիսի պաշտոնները բարձրացվելու են»:



