Դարեր շարունակ չունենալով պետականություն և գտնվելով այլ պետությունների ու ազգերի լծի տակ՝ հայ ժողովուրդը որոշակիորեն ենթարկվել է արժեքային ազդեցության:
Երրորդ Հանրապետության ողջ գոյության ընթացքում ցավոք սրտի դեռևս հնարավոր չի եղել ձերբազատվելու այդ կեղծ ու հայկական ինքնությանը խորթ արժեհամակարգից, ինչը լրջորեն խոչընդոտում է իրապես կայացած ու զարգացած հայկական պետության ստեղծմանը:
Արժեհամակարգային նման խաթարման պայմաններում անգամ ամենալավ մտածված ու իրականացված հեղափոխությունը, ամենաիդեալական նոր իշխանությունը մեծ խնդիրներ կունենա, քանի որ անասելի դժվար է լինելու կարճ ժամանակահատվածում վերափոխել մի ողջ ժողովրդի՝ դարերի ընթացքում խաթարված մտածողությունը :
Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում, երբ առկա են խաղի նոր կանոններ, առկա է վտանգ, որ նոր ձևավորված քաղաքական իշխանությանը համարժեք քաղաքական այլընտրանքի բացակայությունը կարող է հնարավորություն տալ, որ խաթարված մտածողությունը ժամանակի ընթացքում հաղթող դուրս գա՝ խժռելով հասարակության կողմից իրականացված փոփոխությունների արդյունքը:
Անկասկած, մեր երկիրն այս պահին կանգնած է ինստիտուցիոնալ իշխանություն և քաղաքական համակարգ ստեղծելու խնդրի առաջ:
Այդ քաղաքական համակարգում, որպեսզի երկրում իսկապես իրականացվեն լրջագույն բարեփոխումներ և տեղի ունենա իսկական ԲԵԿՈՒՄ ու զարգացում, չափից դուրս կարևոր է, որ հնարավորինս արագ առողջացվի քաղաքական համակարգը, ինչը հնարավոր չի լինի իրականացնել առանց արդյունավետ և առավել ազդեցիկ քաղաքական այլընտրանքի ձևավորմամբ:
Ընդունենք, որ նախորդ իշխանությանը ընդդիմություն լինել ավելի հեշտ էր, քան լինելու է գործող իշխանության դեպքում:
Հեշտ էր այն առումով, որ մեծ ջանք չէր պահանջվում՝ ցույց տալու համար, որ գործ ունենք կոռումպացված ռեժիմի հետ:
Գործող քաղաքական իշխանությանը հակակշռելու համար պետք է ավելի ազդեցիկ այլընտրանք ձևավորել, որպեսզի հնարավոր լինի ապահովել քաղաքական համակարգի հավասարակշռվածությունը:
Այդ այլընտրանքը պետք է լինի գաղափարական, ինտելեկտուալ, կրթված, ունենա պետության զարգացման ռազմավարական հայեցակարգ, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համարձակություն ու քաղաքական խիզախություն և վերջապես՝ պատրաստ լինի ստանձնելու Հայաստանի հաջորդ իշխանությունը՝ հանուն Հայաստանի Հանրապետության...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1130695397132430&id=100005759414165¬if_id=1567183672977871¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել