Նոյեմբերյանի N զորամասում մայիսի 15-ին Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինծառայող Հրաչ Սարգսյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասինAysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Սարգսյանի հայրը` Վաղինակ Սարգսյանը:
Նրա խոսքով` իրենք ամեն պահի սպասում են Կարմիր խաչից զանգի: Վ. Սարգսյանը նշեց, որ Հ. Սարգսյանի ձախ կողմը պարալիզացված է, իսկ, ընդհանուր առմամբ, իրեն ավելի լավ է զգում: Նա նշեց, որ Հրաչը այդ օրվա հետ կապված որևէ բան չի հիշում:
Ավելի վաղ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ սպասողական վիճակ է:
«Մեր կողմից փաստաթղթային բոլոր հարցերը լուծված են: Հիմա պարզապես սպասում ենք Կարմիր խաչի արձագանքին: Սպասողական վիճակ է»,- ասել է Արամ Ասատուրյանը:
Հոսպիտալի պետի խոսքով` Հրաչ Սարգսյանի վիճակն այս պահին գնահատվում է բավարար.
«Տղայի կյանքին վտանգ չի սպառնում, բայց նրա ձախ կողմը պարալիզացված է: Հիմա կպահանջվի երկարատև վերականգնողական աշխատանք և հույս ունեմ, որ վերականգնողական աշխատանքներից հետո տղայի առողջությունը հնարավորինս կվերականգնվի»,- ասել է փոխգնդապետն ու ավելացրել, որ երկարատև ժամանակ ասելով պետք է հասկանալ ամիսներ:



